Ստամբուլի աչքը, սիրտն ու հումորը. Ermenihaber.am-ի հարցազրույցն Արա Գյուլերի հետ
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ermenihaber.am-ի հարցազրույցը պոլսահայ լուսանկարիչ-լրագրող, «Ստամբուլի աչք» անունը կրող Արա Գյուլերի հետ:
- Հիմա հարցում պիտի ընես ես էլ պիտի ըսե՞մ…
- Չէ, ուղղակի զրուցենք: Այնքան հարց ունեմ Ձեզ տալու. ո՞ր մեկը տամ, ավելի լավ է պարզապես զրուցենք:
- Ես վիժուալ հիսթըրի (visual history) գրած եմ, գիտե՞ս:
- Հա գիտեմ, 800.000 նկար ունեք:
- Ի՞նչ կխոսիս, երկու միլիոն:
Պատը վտանգավոր բան մըն է, պատը կբաժնե, մարդիկները կբաժնե:
- Երկու միլիոն կադրի մեջ կա՞ Ձեզ համար մեկը՝ յուրահատուկը:
-Իմ պատկերս (ծիծաղում է): Ամենն էլ ինձ համար կարևոր են, չոփչի նկարն է կարևոր (չոփչի - թրք. աղբահավաք): Ինձ համար մարդիկ են կարևոր: Ես մարդոց նկարները կքաշեմ, ես սինարի, (scenery - անգլ. տեսարան) չեմ քաշեր: Եթե նույնիսկ տեսարան կա, տեսարանին մեջ մարդուն ներկայությունը կա: Ամեն բան մարդոց համար շինված է, ամբողջ օդանավները մարդոց համար շինված են, կերակուրներն ամբողջ մարդոց համար կշինվի, տները, պատերը… (լռում է) Պատը վատ բան է: Պատը մարդկության սխալներեն մեկն է... Պատը վտանգավոր բան մըն է, (լռում է) պատը կբաժնե, մարդիկները կբաժնե:
- Աշխարհի տարբեր ծայրերում եղել եք, ի՞նչն է Ձեզ ամեն անգամ Ստամբուլ հետ բերել, ի՞նչ կա Ստամբուլում, որ ուրիշ տեղ չկա:
- Հոս իմ տունս է:
- Ստամբուլ ասելիս առաջին կադրը, որ գալիս է աչքիս առաջ, ձկնորսների Ձերլուսանկարն է:
- Հա, ձկնորսներուն նկարը: Հայեր են, գիտե՞ս, առաջին ձկնորսները հայեր են եղել:
- Իսկ ի՞նչ կադր է Ձեր աչքի առաջ գալիս:
- Տունս կուգա, ընկերներս կուգան, սիրածս կինը կուգա:
Աշխարհիս մեջ մեծ ու իսկական սեր կա, կհավատա՞ս…
- Հիշու՞մ եք Ձեր առաջին սերը:
- Ես միշտ եմ սիրահարված: Ես կըրնամ ծառին ալ սիրահարվել, գույնին էլ, փողոցին էլ, լույսի շողին էլ: Աշխարհում կարևոր բան մը կա, սեր կա: Մարդ չգիտե, երբ պիտի սիրահարվե, երբ սիրե: Կյանքը պատահականություն մըն է: Աշխարհիս մեջ մեծ ու իսկական սեր կա, կհավատա՞ս
- Չգիտեմ:
- Կա, կա..
- Իսկ հայուհու սիրահարվե՞լ եք երբևէ:
- Այ այդ մեկը պատահած չէ:
- Ստամբուլից հետո ձեր սիրած քաղաքը...
- Փարիզը:
- Սիրո քաղաքը...
- Սեր ամեն տեղ ալ կա, ամեն տեղ էլ կանաչը կանաչ է, կապույտը՝ կապույտ:
- Հայաստան էիք գնացել վերջերս, այնտեղ նկարներ արեցի՞ք:
- Ավելի շուտ էլ Հայաստան գացած էի, ամբողջ եկեցեղիներու նկարները քաշած եմ:
- Երևանից Ձեզ շոկոլադ եմ բերել՝ եկեղեցու նկարով: Սա Սևանի եկեղեցին է:
- Հա, գիտեմ:
- Սա էլ Տաթևը, եղե՞լ եք այս եկեղեցում:
-Չեմ եղեր:
- Աշխարհում ամենագեղեցիկն է` ինձ համար, համենայնդեպս: Նշանավոր հայերի եք նկարել, Վիլյամ Սարոյան, Արամ Խաչատրյան...
- Արամ Խաչատրյանին հետ ռեպորտաժ ընելը շատ դժվար էր: Մարդը հայերեն անգամ չիդե: Ես ալ Գրողների միություն գացած էի անոր նկարելու համար: Լույսերը միացնել ուզեցա, սխալ բան մը ըրեցա ողջ շենքին լույսերը հանգեցավ (ծիծաղում է):
- Եղե՞լ է պահ, երբ զգացել եք, որ հոգնել եք ու ուզում եք այլ բանով զբաղվել:
- Ոչ ջանըմ, ի՞նչ կխոսիս, երբեք չեմ հոգնել:
Պատուհանեն գեղեցիկ աղջիկ մը նայեցավ, ես սիրահարվեցա, ադ աղջիկը իմ հայրենիքս է:
- Հիշու՞մ եք ձեր կյանքի ամենաերջանիկ օրը:
- Հա, կնոջս սիրելու օրը: Սիրահար ըլլալը աշխարհին ամենալավ բանն է:
- Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:
(Ճռճռացնելով բացում է հայկական շոկոլադը):
-Հայրենիքը... ես այստեղ ծնած եմ, մարդ իր ծնած տեղը կուզե մեռնել, գիտես: Բան մըն էլ կա. տես, ես փողոցով կը քայլեմ, պատուհանեն գեղեցիկ աղջիկ մը նայեցավ, ես սիրահարվեցա, ադ աղջիկը իմ հայրենիքս է:
-Այդքան մարդկանց եք նկարել, չե՞ք ուզել, որ մի օր էլ Ձեզ նման տաղանդավոր մեկը Ձեզ նկարի:
-Նկարել են ինձ:
- Հավանո՞ւմ եք:
(Ուսերն է թոթվում):
Վերջում մակագրում է իր գիրքը նվիրում ինձ:
-Հաճախ արի , երեկոները միշտ հոս եմ:
-Կգամ, անպայման կգամ:
Վերցնում եմ գիրքն ու հեռանում մեր լսած, բայց չտեսած պատմության ականատեսից, 2 միլիոն կադրով պատմություն կերտած հանճարեղ ծերունուց…
Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրան Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:
Հարցազրույցը` Աստղիկ Իգիթյանի (Ստամբուլ)