3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբերի մեծաքանակությունը թուլության նշան է։ «Մեր հետախույզներն իրենց հմտությամբ, պատրաստվածությամբ և մարտական ոգով գերազանցում են ադրբեջանցի հետախույզներին։ Դրանում մեծ դեր է խաղում նաև մարդկային գործոնը, և պետք է փաստել, որ այդ հարցում մեր բախտը իրոք բերել է, իսկ ադրբեջանցի հետախույզները վերը նշված գործոններով մեզ զիջում են: Այդ պատճառով նրանց հետախուզական խմբերն ավելի մեծաքանակ են, քան մեր խմբերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 5-ին հետախույզների օրվան նվիրված ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Հատուկ նշանակության խմբի հիմնադիր անդամ, նախկին հետախույզ Վովա Վարդանովը և հավելեց, որ եթե մեր հետախուզական խմբերը 6-10 մարտիկից են բաղկացած, ապա ադրբեջանցիները՝ մոտ 30-հոգիանոց են, և այդ է պատճառը, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը հեշտ են բացահայտվում։
Նա նկատեց, որ հետախույզի ինքնատիրապետումը պետք է լինի բարձր մակարդակի վրա։ «Ինքնատիրապետումը լավ հետախույզ դառնալու հիմնաքարային կարողությունն է, որի բացակայության դեպքում տվյալ անձը ուղղակի չի կարող լինել հետախույզ»,- պարզաբանեց Վարդանովը և հավելեց, որ լավ հետախույզը պետք է հայրենասեր լինի, և կարևոր է, որ բոլոր ծնողները իրենց երեխաների մեջ փոքրուց սերմանեն հայրենասիրության զգացումը։
Հատուկ նշանակության խմբի հետախուզության պետ Արտակ Բագրատյանը նշեց, որ բանակում ամենաթանկն ու ծախսատարը հետախուզական խմբերի տեխնիկական հագեցվածության ապահովումն է։ «Տեխնիկան ժամանակի ընթացքում զարգանում է, և անհրաժեշտ է, որ հետախուզական խմբերի տեխնիկան ժամանակ առ ժամանակ թարմացվի, որի հնարավորությունը միշտ չէ, որ մենք ունենք։ Չնայած որոշակի դժվարություններին՝ ես համոզված եմ, որ մեր տղաների ներկայիս տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս նրանց կատարել իրենց առջև դրված ցանկացած խնդիր»,-ասաց բանախոսը։
Հետախույզների օրը Հայաստանում սկսել են նշել 1992թ. նոյեմբերի 5-ից: Առաջին հետախուզական միավորումները Հայաստանում ստեղծվել են 1918թ. նոյեմբերի 5-ին։ 1950թ. հոկտեմբերի 24-ին ստեղծվել են 46 հատուկ զինվորական միավորներ, որոնցից հետագայում ձևավորվել են հետախուզական-դիվերսիոն խմբերը։