Մշակույթ

Պոզնանի «Նոստալգիա» փառատոնում ներկայացվել են Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները

3 րոպեի ընթերցում

Պոզնանի «Նոստալգիա» փառատոնում ներկայացվել են Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ անվանի կոմպոզիտորՏիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները հնչել են լեհական Պոզնան քաղաքի «Նոստալգիա» փառատոնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով փառատոնի պաշտոնական կայքը, հոկտեմբերի 23-25-ն անցկացված փառատոնն իր ներկայությամբ պատվել է կոմպոզիտորը, ով ներկա է եղել իրադարձությանը և համերգային երեկոներին:

Տիգրան Մանսուրյանի գործերը հնչել են բազմաթիվ մենակատարների և նվագախմբի մասնակցությամբ: Փառատոնին ներկայացվել են նաև հայկական ֆիլմեր:

Պոզնանի «Նոստալգիա» փառատոնի ծրագիրը հիմնված է երկու վարպետների միջմշակութային երկխոսության վրա: Այս անգամ որպես գլխավոր դեմքեր ընտրվել են հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և ամերիկացի կոմպոզիտոր Էլիոթ Քարթերը: Տիգրան Մանսուրյանը հանդես է եկել որպես փառատոնի հատուկ հյուր և մասնակցել բոլոր իրադարձություններին:

Փառատոնի ընթացքում անցկացվել է նաև Տիգրան Մանսուրյանին և Խորհրդային Միության կոմպոզիտորներին նվիրված քննարկում: Փառատոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երեք փառատոնային օրերի ընթացքում հնչել են Մանսուրյանի՝ Քուչակի խոսքերի հիման վրա գրված «Չորս հայրեն», «Capriccio», Թիվ 2 Լարային քառյակ, «Նոստալգիա», «Ռեքվիեմ», դաշնամուրային ստեղծագործություններ: Փառատոնն ավարտվեց Մանսուրյանի «Ռեքվիեմի» անկրկնելիորեն գեղեցիկ կատարմամբ:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում