Արցախ

Հադրութի Դրախտիկ գյուղում Արցախյան թթվի փառատոն կանցկացվի

2 րոպեի ընթերցում

Հադրութի Դրախտիկ գյուղում Արցախյան թթվի փառատոն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում հոկտեմբերի 25-ին կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն: Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի և վաճառքի կներկայացվեն Դրախտիկի և Հադրութի շրջանի ևս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաև արցախյան խոհանոցի այլ ուտեստներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից, փառատոնին կներկայացվեն նաև արցախյան մշակութային արժեքների, ավանդական արհեստների և կենցաղի ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով ու ժողովրդական երգ ու նվագով հանդես կգան Հադրութի «Դիզակ» համույթը, երաժիշտներ ու երգիչներ Ստեփանակերտից:

Միջոցառման նպատակը դարերից եկող ազգային ավանդույթներն արժևորելն ու դրանք սերնդեսերունդ փոխանցելն է, ինչպես նաև բնության բարիքներից օգտվելու՝ հադրութցու բազմաշնորհ տաղանդը ներկայացնելը: Այն նաև մշակութային ժառանգության, մասնավորապես, ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արցախյան խոհանոցի, ժողովրդական բանահյուսության, բարբառի և ենթաբարբառների պահպանման և հանրահռչակման նպատակ ունի:

«Արցախյան թթվի փառատոն»-ի կազմակերպիչներն են Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հադրութի շրջվարչակազմը: Փառատոնի մեկնարկը կտրվի ժամը 12:00-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում