Խոսրով Հարությունյանը կարծում է, որ ժողովուրդը գործիք է եռյակի ձեռքին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հավաստիացած է, որ ոչ իշխանական ուժերի` եռյակի շարժումը հեռանկար չի ունենա: «Այս շարժումը հեռանկար չի կարող ունենալ, քանի որ այն, ինչպես նախկինում, ուղղված է ընդդեմ ինչ-որ մեկի, սա ապագա չունի: Երբ ինչ-որ բան ուղղված է ընդդեմ մեկի, այդ դեպքում հանրությունն ընդամենը գործիք է դառնում այդ խնդիրը կատարելու համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատգամավորը:
Նրա դիտարկմամբ` հանրահավաքի կազմակերպիչների ցանկությունները չարդարացան, ու նրանք վստահ չեն իրենց հնարավորությունների վրա: «Ինչպես հիշում եք, նրանք հայտարարել էին, որ մարզային հանրահավաքներ են անցկացնելու ու Երևանում հավաքվելու է 50 հազար մարդ, որից հետո իրենք կսկսեն պրոցեսը: Այս կոնտեքստում, երբ նայում ենք` ինչ եղավ հանրահավաքին, հասկանում ենք, որ հավանաբար, կազմակերպիչների ցանկությունները չարդարացան: Մի բան պարզ է` կազմակերպիչները վստահ չեն իրենց հնարավոր կարողությունների վրա և, հավանաբար, անցյալից դասեր են քաղել ու չեն ուզում անիրականանալի սպասելիքներ ձևավորել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց բանախոսը:
Խոսրով Հարությունյանի խոսքով` հոկտեմբերի 10-ին հանրահավաքին նորություն չի հնչել ու իշխող մեծամասնությունը որևէ քննարկում չի ունեցել այդ թեմայով:
«Հանրապետական կուսակցությունում, որքանով ես գիտեմ, քննարկում տեղի չի ունեցել, թե ինչպես արձագանքեն այդ ամենին, քանի որ նոր հարցադրում չի հնչել հարթակից: Ես չեմ կարծում, որ իշխանությունները այս հանրահավաքի հետ կապված պետք է ինչ-որ քայլեր կատարեն: Իշխանության քայլերը շատ պարզ են, կա նախընտրական ծրագիր, դրա հիման վրա ձևավորված կառավարության ծրագիր, որը հավանության է արժանացել ԱԺ-ի կողմից և այն քայլ առ քայլ պետք է իրականցնել»,-ավելացրեց Խոսրով Հարությունյանը:
Հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակի` ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի միասնական հանրահավաքը տեղի ունեցավ Երևանում, որին, ըստ ոստիկանության տվյալների, մասնակցել է 16 հազար մարդ: