Հասարակական

Գերությունից վերադարձված Սարգիս Անանյանի մոտ ֆիզիկական լուրջ տրավմաներ չկան

2 րոպեի ընթերցում

Գերությունից վերադարձված Սարգիս Անանյանի մոտ ֆիզիկական լուրջ տրավմաներ չկան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական գերությունից վերադարձված Սարգիս Անանյանը բուժզննում է անցել Իջևանի հիվանդանոցում: Հետազոտությունների արդյունքում առանձնակի լուրջ խնդիր չի հայտնաբերվել նրա մոտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին հիվանդանոցից:

«Մեզ մոտ անցել է հետազոտություն, նրա հարազատները եկան ու տարան նրան, այժմ սպասում ենք հետագա հետազոտություններին: Առաջին հետազոտության արդյունքներով` նրա մոտ առանձնակի լուրջ խնդիր չի հայտնաբերվել: Նա մինչ գերի ընկնելն էլ, ասում են, ունեցել է ծնկի հոդային խնդիր, որն այժմ առկա է: Այս պահին ընդհանուր վիճակն ադեկվատ է, ֆիզիկական լուրջ տրավմաներ չկան»,-ասացին Իջևանի հիվանդանոցից` հավելելով, որ պետք է սպասել արյան հետազոտության արդյունքներին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանին:

Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 1-ին հայտնել էին իրենց կողմում հայտնված հայ գերու մասին: Նա Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանն էր, ով հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ էր հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանական կողմը պնդում էր, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի` Նոյեմբերյանի հարևանները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էին, որ վերջինս բնակվում է միայնակ և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սարգիս Անանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում