Հասարակական

Նախագահը մասնակցեց ԵՊՀ առաջին ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակի միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Նախագահը մասնակցեց ԵՊՀ առաջին ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի, ներկա եւ նախկին համալսարանականների, մտավորականների, քաղաքական գործիչների մասնակցությամբ Երեւանի պետական համալսարանում մեկնարկեց ԵՊՀ առաջին ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բացման խոսքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հույս հայտնեց, որ համալսարանական նորանոր սերունդները կգտնեն իրենց տեղը հասարակությունում: Ռեկտորի խոսքերով` հայապահպանության առաքելությունը լոկ անհատներին վերապահելը անպատասխանատու գործ է, եւ միայն կրթված սերունդը կարող է պահպանել ու արժեւորել հայրենասիրության, հայապահպանության գաղափարները:

«ԵՊՀ-ն նման սերնդի կայացման առաքելություն է ստացել եւ, հատկապես, Բանասիրության եւ Հայ պատմության ֆակուլտետները լուրջ ներդրում ունեն: Պատրաստվում են մանկավարժ կադրեր, ովքեր մուտք են գործում հանրակրթական ոլորտ եւ հանրային արժեքները, հայապահպանության գաղափարախոսությունը փոխանցում մատաղ սերնդին»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Միջոցառման ընթացքում ԵՊՀ Պատմության եւ Հայ բանասիրության ֆակուլտետների դեկանները ներկայացրեցին իրենց ֆակուլտետների անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու հաջողությունները: «Շնորհավորում եմ ԵՊՀ ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ: Երեւանի պետական համալսարանն անգնահատելի ավանդ ունի ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի վերածննդի, Խորհրդային եւ անկախ Հայաստանի կայացման գործում, եւ այս դահլիճում նստածներից շատերն ու ձեր նախորդներն ունեն սեփական ներդրումն այդ ավանդին»,- նշեց ՀՀ ՆախագահՍերժ Սարգսյանը:

Հանդիսության ավարտին նա պետական պարգեւներ հանձնեց ԵՊՀ Պատմության եւ Հայ բանասիրության ֆակուլտետների պրոֆեսորա-դասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում