Քաղաքականություն

Ադրբեջանագետն առաջիկայում պատերազմի վերսկսման նախադրյալներ չի տեսնում

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանագետն առաջիկայում պատերազմի վերսկսման նախադրյալներ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական գործողությունների նախադրյալներ չի տեսնում: Օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Սարգիս Ասատրյանը նշեց, որ Ադրբեջանն այս պահին պատրաստ չէ պատերազմի, և ռազմատենչ հայտարարությունները, որ պարբերաբար անում է Ալիևը, չեն նշանակում, թե Ադրբեջանը պատերազմ է ուզում: «Պատերազմ սկսելու համար մեծ ֆինանսական ռեսուրսներ են պետք, պատերազմը ենթադրում է մարդկային ահռելի կորուստներ, տնտեսական լուրջ խնդիրներ, ինչին այս պահին Ադրբեջանը պատրաստ չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ադրբեջանագետը՝ հավելելով, թե այն, որ Ադրբեջանը պատերազմի պատրաստ չէ, ցույց են տալիս վերջին իրադարձությունները, երբ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցվել են հայկական զինված ուժերի կողմից՝ նրանց պատճառելով զգալի կորուստներ:

Նա նաև ընդգծեց, որ պատերազմը ձեռնտու չէ նաև շատ երկրների, քանի որ Ադրբեջանը նավթային ռեսուրսների խոշոր մատակարար է: «Նաև հաշվի առնելով այս հանգամանքը` ես առաջիկայում պատերազմի սկսման նախադրյալներ չեմ տեսնում»,- նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությանը միջազգային հանրության արձագանքին՝ ադրբեջանագետը նշեց, որ բոլոր արձագանքները որոշակի շրջանակի մեջ էին, և դրանից դուրս ոչինչ չի ասվել. հիմնականում կողմերին կոչ էին անում պահպանել հրադադարի ռեժիմը և դադարեցնել առճակատումները շփման գծում:

Վերջին օրերին ադրբեջանցիները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ուղղությամբ մի քանի դիվերսիոն գործողություններ են իրականացրել, որոնց հետևանքով կրելով մարդկային զգալի կորուստներ` հետ են շպրտվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում վերջին 5 օրերին տեղի ունեցած լոկալ առճակատումների մասին ամփոփ տեղեկատվություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում