ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախքան սիրիական բանակի կողմից Քեսաբի ազատագրումը, քեսաբահայության պատասխանատուներից Կարո Մանճիկյանը զեկույց է ներկայացրել գյուղաքաղաքի և քեսաբահայերի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցի մեջ նշվել է, որ Քեսաբի տեղահանված հայ ընտանիքների թիվը կազմում է 430, որից Լաթաքիայում ապրող հայ ընտանիքների թիվը մոտ 350 է, նրանց մեծամասնությունը բնակվում է վարձով բանակարաններում կամ հարազատների մոտ, իսկ 27 ընտանիք ապրում է Լաթաքիայի եկեղեցու սրահներում: Լիբանան տեղափոխված մի քանի հայ ընտանիքներ վերադարձել են Լաթաքիա, քանի որ Սիրիայում, թեկուզ 3 տարուց ավելի տիրող տագնապին, ապրուստի և այլ պայմաններն ավելի տանելի են, քան այլուր, որտեղ կյանքը թանկ է: Լիբանանում տեղավորվել է 82 ընտանիք, նրանց մեծամանսությունը Բեյրութում և շուրջ 20 ընտանիք` Այնճարում են:
Զեկույցում նաև նշվել է, որ եկեղեցում շարունակվում է բավարար սննդի մատուցումը: Կարո Մանճիկյանը շնորհակալություն է հայտնել բոլոր հաստատություններին, կազմակերպություններին և միություններին` քեսաբահայերին աջակցություն ցուցաբերելու համար:
Ապա անդրադարձել է այն հարցին, որ Քեսաբ վերադառնալուց հետո առաջնային պետք է լուծվեն 3 հիմնահարցեր՝ կենցաղային, գյուղատնտեսության և շենքերի, տների ենթակառույցների վերականգնման:
Վերջում նա նշել է, որ Լաթաքիայում ապաստանած քեսաբցիների կյանքը շարունակվում է: Անցնող 80 օրերի ընթացքում հայերի 4 մահ է գրանցվել. նրանցից մեկը զոհվել է Քեսաբի մարտերում, ինչպես նաև մեկ պսակ է տեղի ունեցել և մեկ մկրտություն:
Ապա Մանճիկյանը մաղթել է, որ Սիրիան և, մասնավորապես, Հալեպը և Քեսաբը վերագտնեն իրենց խաղաղությունը և հանգիստը, ժողովուրդը վերադառնա իր տուն և վերսկսի վերաշինության և վերականգնողական աշխատաքնները, և կյանքը նոր փաթով կշարունակվի: