ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեր Զորում մայիսի 16-ին զոհված Անդրանիկ Քահքեջյանը նամակ է թողել, որն էլ նահատակությունից հետո հանձնվել էր մորը: Անդրանիկ Քահքեջյանը Հալեպից էր և ծառայում էր սիրիական բանակում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Անդրանիկը նամակում գրել էր, որ անչափ կարոտել է անգին մայրիկին, նրա գուրգուրանքը, փայփայում է իր սիրտը մոր սրտին կապող թելերը:
Ստորև ներկայացնում ենք Անդրանիկ Քահքեջյանի նամակն ամբողջությամբ:
«Ո՞վ գիտէ` ո՛ւր կրնամ ըլլալ, մութ բանտի՞ մէջ, ուր կը յիշեմ մայրս եւ զԱստուած կը կանչեմ աչքերս փակ:
Ո՞վ գիտէ` ո՛ւր կրնամ ըլլալ, միթէ՞ Աստուծոյ արքայութեան մէջ:
Ո՞վ գիտէ` ո՛ւր կրնամ ըլլալ` երբ Աստուծոյ փառքը տիեզերքէն կ՛անջատեն:
Ուր ալ ըլլամ, մայրիկ լսէ՛ զիս: Լսէ քու քաջ ու խիզախ որդիիդ տառապանքը, որ անվախ պաշտպանեց հայրենիքը:
Ո՛վ Աստուած, չեմ վախնար եթէ աչքերս յաւիտեան փակեմ, չեմ վախնար թշնամիէն, այլ անվեհեր ու յանդուգն կը շարունակեմ պաշտպանել հայրենիքս:
Շատ կարօտցած եմ անգին մօրս, շա՜տ կարօտցած եմ անոր գուրգուրանքը:
Սիրտս մօրս սրտին կապող թելերը կը փայփայեմ անվերջ:
Կարօտած սրտով կը պաշտպանեմ հայրենիքս, աչքերս չորս դի բացած կը հետապնդեմ թշնամին:
Թէկուզ ալ չտեսնենք զիրար, սակայն պիտի յիշէք զիս, պիտի յիշէք մեր ուրախ ու տխուր օրերը, մեր խինդն ու ցաւերը: Պիտի յիշէք այն օրերը, երբ բաժակ կը վերցնէինք կենաց խմելու մեր յաղթանակին:
Ո՛վ գիտէ, կրնայ ըլլալ, որ ես նահատակուիմ, այն ատեն յոյսս դուք կը մնաք անգին ընկերներս եւ եղբայրներս, պաշտպանեցէ՛ք ձեր հայրենիքը:
Ես կը նահատակուիմ եւ Աստուծմէ կը խնդրեմ, որ երիտասարդութեան լոյս պարգեւէ եւ անգութ թշնամուն պատժէ եւ շա՜տ-շա՜տ կը խընդրեմ, որ համբերութիւն տայ մայրիկիս:
Յիշեցէ՛ք զիս»: