Պաշտոնական

Ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի` Ծիծեռնակաբերդում հոգեհանգստի արարողություն է կատարվել

2 րոպեի ընթերցում

Ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի` Ծիծեռնակաբերդում հոգեհանգստի արարողություն է կատարվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ խմբակցության պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տաիսը, հոգեւոր դասի եւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ մայիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ներկաները լռությամբ ու խոնարհումով հարգել են 1915-1923թթ. Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը։

Արթիկի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստի արարողություն։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր խոսքում նշելով, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված եւ կազմակերպված քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ ցեղասպանության դատապարտման ուղղությամբ, ասել է, որ 2011թ. ապրիլի 24-ին Հայաստանի Ազգային ժողովը հանդես է եկել կոչով, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլեւ հույն եւ ասորի ժողովուրդների։ Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ՝ օրվա խորհուրդը ապրելու եւ պայքարելու մեջ է։ «Մենք պետք է պայքարենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության եւ պատմական արդարության վերականգնման»,-ասել է ԱԺ փոխնախագահը։

ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տաիսը նույնպես դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից Փոքր Ասիայի տարածքում հայերի եւ Պոնտոսի հույների նկատմամբ 1915-1923թթ. կազմակերպված եւ իրականացված ցեղասպանությունը, նշել է, որ Հունաստանի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է հայերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունը։

Երեւանի «Իլիոս» հասարակական կազմակերպության նախագահ, հունական համայնքի ներկայացուցիչ Սլավա Ռաֆաելիդիսը նշել է, որ պետք է պահանջատեր լինել եւ միասնական պայքարել պատմական արդարությունը վերականգնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում