Հայկական երկու հանրապետությունների նախագահները Արցախում մասնակցել են եռատոնի միջոցառումներին
2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Նույն օրը Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանն այցելել են Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Այնուհետեւ նախագահներն այցելել են քաղաքում կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառ:
Շուշիում տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան:

Տոնական միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:

