ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբի տնտեսական շրջափակումը քեսաբցիներին զրկել է նաև արևմտյան աշխարհին մերձենալու և դրա օգնությունից ուղղակիորեն օգտվելու հնարավորությունից: Այս մասին «Ազդակ» թերթի «48 օր հետո. Քեսաբ» խորագրով հոդվածում գրել է Սփյուռքահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը: «Սակայն, երբ ասպարեզի վրա փայլուն արևի նման շողում է համահայկական որևէ կառույց և իր վրա է վերցնում գյուղին ամբողջական ֆինանսավորում կատարելու պարտականությունը, այդ ժամանակ Քեսաբի վերականգնումը քեսաբցու համար դադարում է փափագ մնալ և դառնում է իրականություն: Հայաստանի և Արցախի գյուղերը վերականգնելու, նրանց տնտեսությունը կայացնելու գործում հայությունն արդեն հաջողություն արձանագրել է»,- գրում է Մանճիկյանը:
Մանճիկյանը գրում է, որ Քեսաբը իր նախկին վիճակով տեսնելը ոչ միայն քեսաբցու, այլ ամբողջ հայության փափագն է` գերխնդիր, իսկ հայկական գերխնդիրը լուծվում է համահայկական ճիգերով և ուժերի համախմբման եղանակով:
Հոդվածագիրը, սակայն, հիշեցնում է, որ քեսաբցին երբ տուն վերադառնա, նվազագույնը մեկ տարի զրկված պետք է լինի որևէ եկամտի աղբյուրից և պետք է կախված լինի ֆինանսական կամ բնակարանային վերակառուցման օժանդակությունից:
«Քեսաբը նման չէ սփյուռքի որևէ քաղաքի: Քեսաբը Սփյուռք չէ, այն սիրիական Կիլիկյան Հայաստանն է»,- եզրափակել է Մանճիկյանը:
Ծայրահեղական խմբավորումների կողմից Քեսաբի գրոհի մասին առաջին լուրերը տարածվեցին մարտի 21-ին: Համացանցն անմիջապես ողողվեց մի շարք տեսանյութերով, որոնցում «քաղաքի նոր տերերը» հպարտորեն նշում էին, թե քաղաքն այլևս իրենցն է: Օրինակ, ամենատարածված տեսանյութերից մեկում ազգությամբ չեչեն ոմն ամիր Զումսո հեգնորեն նշում է, թե այժմ «մահմեդականները կարող են ծովափին հանգստանալ, արևայրուք ընդունել, մեկնել արտասահման», ապա սպառնում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին վերադառնալ ու խլել նրանից «իրենց նախնիների երկիրը»: Մի քանի օրում քեսաբյան դեպքերը դարձան նաև համաշխարհային մամուլի քննարկման նյութ: Այսպես, օրինակ, հեղինակավոր «Թայմ» պարբերականը մարտի 27-ին գրեց, թե Քեսաբը դարձել է Ասադի և ընդդիմադիրների տեղեկատվական պատերազմի նոր ճակատը: