Կարծիքներ

Ուորլիքի հայտարարած 6 կետերի իրականություն դառնալու հեռանկարը զրոյական է. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

Ուորլիքի հայտարարած 6 կետերի իրականություն դառնալու հեռանկարը զրոյական է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի առաջարկած 6 կետերը բանակցային գործընթացում փոփոխություններ չեն բերի. կետերի իրականություն դառնալու հեռանկարն էլ զրոյական է: Տեսակետը` «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանինն է: Համեմատականներ անցկացնելով` քաղաքագետը հավելում է, որ խաղաղության համաձայնագրի 6 կետերը նույնքան անիրագործելի են, որքան Մադրիդյան սկզբունքները, որոնց մասին խոսվում է արդեն մի քանի տարի:

«Ուորլիքի առաջարկներն իրագործելի չեն: Սկսած առաջին կետից` երբ հայկական եւ ադրբեջանական կողմերը կարող են գալ համաձայնության կարգավիճակի մասին, վերջացրած 6-րդ կետով, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան: Հենց այդ խոսքն արդեն իրագործելու առումով լուրջ խնդիրներ է առաջացնում: Սակայն, ինչպես ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, այդ հայտարարությունը հրադադարի 20-ամյակի հետ է կապված: Դա Մինսկի խմբի հայտարարությունը չէ, դա ընդամենը համանախագահներից մեկի կարծիքն է, որ իրագործելի չէ»,- ասաց Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ փաստը, որ ԱՄՆ-ն լինելով համանախագահներից մեկը միայնակ է նախաձեռնություն կատարել, Ռուսաստանին հնարավորություն կտա նախաձեռնություն սկսել, որը գուցե ինչ-որ ձեւով կապված լինի Ղրիմի հետ:

«Լուրջ զարգացումներ կետերի հետ կապված տեղի չեն ունենա բուն բանակցային փուլում, սակայն չեմ բացառում, որ ԱՄՆ միանձնյա նախաձեռնությունը տարածաշրջանային համատեքստում ավելի լայն զարգացումների կբերի` հնարավորություն տալով Ռուսաստանին, եթե ոչ տապալելով Մինսկի խմբի ձեւաչափը, ապա այն բերել ձեւական բնույթի եւ սեփական նախաձեռնությամբ առաջ գնալ»,- ասաց Մինասյանը` նշելով, որ ԱՄՆ-ի որոշումը մեծամասմաբ պայմանավորված է այն իրավիճակով, որ առկա է Վաշինգտոնում Ուկրաինայի հետ կապված եւ պրոադրբեջանական-թուրքական եւ հակառուսական լոբբինգով:

Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղության համաձայնագրի իր առաջարկը, որը բաղկացած է 6 կետից: Համաձայնագրի կետերին արձագանքել է ԼՂՀ ԱԳՆ-ն: «Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում