Սևան Նիշանյանի հանդեպ ակնածանքով լցված թուրք ուսանողը խոստանում է պայքարել նրա ազատության համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք ուսանողը խոստանում է պայքար մղել Թուրքիայում բանտարկված հայազգի լրագրող, լեզվաբան Սևան Նիշանյանի ազատության համար: «Որպես երիտասարդ ուսանող Թուրքիայից ես անձնապես հետաքրքրված եմ Սևան Նիշանյանի խնդրով, քանի որ նա ինձ համար ամենախելացի ու կրթված մարդն է, որին ես երբևէ տեսել եմ: Նրա կյանքի պատմությունը շատ տպավորիչ է, այն, ինչ նա արել է ուղղակի անհավատալի է: Նա մեծ ջանքեր է գործադրել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում, թուրքական լեզվի էթիմոլոգիական բառարան ստեղծելու աշխատանքներ է կատարել և վերջապես գյուղերի քարտեզագրումը: Մենք Թուրքիայում ունենք գյուղեր, որոնց անունները փոխվել են կառավարության կողմից, քանի որ այդ գյուղերի անվանումները նախկինում հայկական էին կամ քրդական: Սևան Նիշանյանը սկսեց ուսումնասիրել տեղանունները և վերջապես ստեղծեց մի հաստափոր գիրք, որից կարող են օգտվել բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են այդ խնդրով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի Բողազիչի համալսարանի սոցիոլոգիա ուսումնասիրող ուսանողը:

Նրա խոսքով` Սևան Նիշանյանն այն մտավորականներից է, ովքեր մարտահրավեր են նետում կրոնական խնդրահարույց հարցերին ու այն սահմաններին, կարմիր գծերին, որոնք քեմալականներն ու ազգայնականները գծել են: «Թուրքիայում խնդիր է խոսքի ազատությունը: Ես իսկապես ուշադրություն եմ դարձնում Սևան Նիշանյանի հարցին, ես հարգում եմ նրան, և ուզում եմ արշավ կազմակերպել նրա ազատ արձակման համար»,-հավելեց ուսանողը:

Հատկանշական է, որ ուսանողը հայազգի մտավորականի նկարը փակցրել է իր պայուսակին ու շրջել Թուրքիայում:

Թուրք ուսանողը Հայաստան էր ժամանել ապրիլի 25-ին թուրքական և եվրոպական հակացեղապաշտական կազմակարպությունների պատվիրակության կազմով: Նրանք ապրիլի 24-ին Ստամբուլում մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը, ապրիլի 26-ին Երեւանում այցելել են Ծիծեռնակաբերդ:

Թուրքիայում բնակվող հայազգի լեզվաբան, գրող, լրագրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը ծնվել է 1956 թվականին Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Պոլսի Պանգալթը թաղամասի հայկական Մխիթարյան վարժարանում: Սովորել է ԱՄՆ Յելի և Կոլումբիայի համալսարաններում: Աշխարհի տարբեր երկրներում գտնվելով` իր հուշագրությունները հանձնել է թղթին և գրքեր է հրատարակել: 1996 թվականին հաստատվել է Շիրինջե գյուղում, հիմնել հյուրանոց: Բանտարկման առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ նա իր հողամասում կառուցել է մեկ հարկանի մի տնակ, որը համարվում է «ապօրինի շինարարություն»: Թուրքական դատարանը Սևան Նիշանյանին 2013 թվականի դեկտեմբերի 12-ին դատապարտել է երկու տարվա ազատազրկման:

Նիշանյանն իր պատիժը հունվարի 2-ից կրում էր Իզմիր քաղաքի Թորբալը բանտում: Այնուհետև նրան տեղափոխել էին Իզմիրի Բուջա փակ բանտ: Այստեղ նա քնում էր բետոնե հատակին: Սակայն կարճ ժամանակ անց Նիշանյանի բանտային ոդիսականը շարունակվել էր և վերջինիս տեղափոխել էին Ալիաղայի փակ բանտ:Վերջերս սկսվել է ստորագրահավաք` Նիշանյանի բանտային պայմանները բարելավելու և նրա դեմ տեղի ունեցող ճնշումները դադարեցնելու նպատակով: Հիմնվել է նաև «Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտե:

Հայերեն English

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր