Մշակույթ

Ֆեդերիկո Մոնդելչիի և կամերային նվագախմբի համերգը նվիրված կլինի Ջազի միջազգային օրվան

4 րոպեի ընթերցում

Ֆեդերիկո Մոնդելչիի և կամերային նվագախմբի համերգը նվիրված կլինի Ջազի միջազգային օրվան

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը և իտալացի անվանի սաքսաֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին անակնկալներ կմատուցեն Երևանում և Ստեփանակերտում ապրող երաժշտասերներին: Նվագախումբը և սաքսաֆոնահարն աննախադեպ`«Անմոռանալի «Բիթլզ»խորագրով համերգների շարքով նոր մշակումներով ստեղծագործություններ կներկայացնեն ունկնդրին: Առաջին անգամ Հայաստանում կհնչեն հանրահայտ լիվերպուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների(A Hard Day's Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby,Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) մշակումները կամերային նվագախմբի և սաքսաֆոնի համար: Կհնչի նաև«Կեսգիշերին» պոպուրին, որտեղ ընգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի, Իտուրալդեի, Ջիրոտոյի, Մոլինելիի, Պյացոլայի հանրահայտ ստեղծագործությունները:

«Մոնդելչին և նվագախումբը Հայաստանում հանդես կգան 4 համերգներով: Ապրիլի 26-ին նվագախումբը և սաքսաֆոնահարը հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այնուհետև հաջորդ օրը Մոնդելչին կներկայանա «Մեցցո» ակումբում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Մոնդելչին և նվագախումբը հանդես կգան նաև Արցախում: Ապրիլի 28-ին Ստեփանակերտում տեղի կունենա համերգ` նույն ծրագրով: Մոնդելչին, բազմիցս Հայաստանում գտնվելով, մշտապես Արցախը տեսնելու ցանկություն է հայտնել: Ապրիլի 30-ին Կամերային նվագախումբը կղեկավարի ինքը` Մոնդելչին:

«Ֆեդերիկո Մոնդելչին բազմիցս հանդես է եկել որպես դիրիժոր: Նա համաձայնեց ղեկավարել նվագախումբը, քանի որ ես Հայաստանում չեմ լինելու: Համերգը կշահի, ոչ թե կտուժի, որովհետև միջնորդ չի լինի մենակատարի և նվագախմբի միջև»,-նշեց Վահան Մարտիրոսյանը: Համերգը նվիրված կլինի Ջազի միջազգային օրվան:

Մոնդելչին այսօր կհասնի Հայաստան: Կազմակերպիչները պարզաբանեցին, որ ինքնաթիռի հետ կապված խնդիր է առաջացել, սակայն ամեն ինչ կկարգավորվի:

Հավանական է, որ «Անմոռանալի «Բիթլզ» ծրագիրը ներկայացվի նաև Իրանում` հայ սաքսաֆոնահարի մասնակցությամբ: Իրանական կողմը 10-15 երեկոների ցանկություն է արտահայտել:

Իտալացի սաքսաֆոնահար Մոնդելչին ելույթներ է ունեցել Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում կայացած սաքսաֆոնահարների համաշխարհային փառատոններում՝ ներկայացնելով Իտալիան: Իբրև մենակատար ելույթներ է ունեցել նաև Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ, այդ թվում` Սեյջի Օզավայի ղեկավարությամբ Միլանի դելլա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկի հետ: Վերջին համերգաշրջաններին նա հաճախակի հանդես է եկել Ռուսաստանում և սերտորեն համագործակցում է Մոսկվայի կամերային նվագախմբի հետ: Մոնդելչին համերգների ժամանակ հանդես է գալիս որպես սաքսաֆոնահար և դիրիժոր:

Ֆեդերիկո Մոնդելչին Հայաստանում առաջին անգամ եղել է ութ-ինը տարի առաջ և այդ օրվանից սկսած հիացել է հայ երաժշտասերների ունկնդրելու կարողությամբ: Սաքսաֆոնահարը նախորդ տարի ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` նվագախմբիհիմնման 50-ամյա հոբելյանին նվիրված երեկոյի ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում