Քաղաքականություն

ԱՄՆ կենգրեսականները և Հայ Դատի գրասենյակը Քեսաբի հարցով համատեղ ասուլիս կանցկացնեն

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ կենգրեսականները և Հայ Դատի գրասենյակը Քեսաբի հարցով համատեղ ասուլիս կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը և ԱՄՆ այլ կոնգրեսականներ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի հետ ապրիլի 8-ին մամուլի ասուլիս կանցկացնեն` Սիրիայի Քեսաբ քաղաքում հայերի և այլ քրիստոնյաների դեմ հարձակումների վերաբերյալ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ Դատի գրասենյակից, ասուլիսի ժամանակ կոչ կարվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին եւ Սենատին պաշտոնական հետաքննություն սկսել՝ պարզելու Թուրքիայի դերը «Ալ Քաիդա»-ի ահաբեկչական գործողություններում։ «Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուն պես կենտրոնացել էի՝ փորձելով վերջ տալ այդ հակամարտությանը և հատկապես Սիրիայի ազգային փոքրամասնությունների եւ քրիստոնեական համայնքի դեմ ոտնձգություններին։ Վերջին շրջանում Քեսաբի վրա բարբարոսական հարձակումներ իրականացվեցին քրիստոնյաների նկատմամբ։ Մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ պաշտպանելու համար այս պատմական համայնքը»,- ասել է Ադամ Շիֆը։

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Թուրքիայի աջակցությամբ սիրիական զինյալների կողմից Քեսաբի գրավումը դատապարտել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը` ուշադրության հրավիրելով սարսափելի դեպքերի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում