Սփյուռք

Արտակ Դավթյանը կոչ է անում կեղծ լուրեր չտարածել քեսաբահայերի մասին

3 րոպեի ընթերցում

Արտակ Դավթյանը կոչ է անում կեղծ լուրեր չտարածել քեսաբահայերի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցներն սկսել են ավելի շատ անդրադառնալ Քեսաբի ցավալի դեպքերին՝ ներկայացնելով դրանք նաև Հայոց ցեղասպանության համայնապատկերում: Ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: «Արևմտյան լրատվամիջոցները, սկզբնական շրջանում, Քեսաբի դեպքերին անդրադառնալով, անտեսում էին Հայոց ցեղասպանության հարցը, սակայն այս պահին կարծես նրանք էլ որոշակի գնահատականներ հնչեցնում են, թեև դրանք շատ մեղմ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Անդրադառնալով քեսաբահայերի կոտորածների մասին համացանցում տարածված լուրերին՝ Արտակ Դավթյանը նշեց, որ պետք չէ ավելի սրել իրավիճակը և կեղծ լուրեր տարածել: «Գիտեք, որ մեր պատգամավորներն էլ եղել են Սիրիայում, ծանոթացել տիրող իրավիճակին, իսկ այնտեղ մեր հայրենակիցները ներկայացրել են, որ քեսաբահայերի մեջ զոհեր չկան»,- ընդգծեց Դավթյանը:

Նա նշեց, որ Քեսաբում սարփափելի ողբերգություն է տեղի ունեցել, և հիմա համայն հայությունը պետք է միավորի իր ուժերը քեսաբահայերին անհրաժեշտ աջակցություն ցույց տալու համար:

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ` Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը մեկնել էին Սիրիա` տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: ԱԺ պատգամավորները հանդիպել են սեփական բնակավայրից Թուրքիայի աջակցությամբ վտարված քեսաբահայության հետ, ծանոթացնել նրանց դիտարկումներին: Մարտի 27-ին պատգամավորները հանդիպել են Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի հետ, քննարկել սիրիահայությանն խնդիրների վերաբերյալ հարցեր:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:Քեսաբում մնացած փոքրաթիվ հայերի ճակատագրի վերաբերյալ հայտարարությունները հակասական են:

Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` Հաագայում` Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար:

Շանթ Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում