Սփյուռք

Քեսաբի էթնիկ զտումների դեմ բողոքի ցույց է ծրագրված Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց

2 րոպեի ընթերցում

Քեսաբի էթնիկ զտումների դեմ բողոքի ցույց է ծրագրված Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստները բողոքի ցույց կանեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց` պահանջելով վերջ տալ Սիրիայի հայաշատ Քեսաբ գյուղաքաղաքում իրականացվող էթնիկ զտումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կոչով է հանդես եկել ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Ստեփան Քեշիշյանը` հորդորելով մարդու իրավունքների պաշտպան բոլոր ակտիվիստներին մարտի 28-ին հավաքվել ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի դիմաց և միասին պահանջել կանխել Քեսաբի քաղաքացիների էթնիկ զտումները:

Բացի այդ, Թուրքիայի Հանրապետությանը կոչ է արվում դադարեցնել իր ունեցած դերակատարությունը Քեսաբի խաղաղ բնակչության դեմ իրականացվող վայրագություններում:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին: Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների` Հայաստան ներգաղթին զուգահեռ այնտեղ սկսել են հաստատվել օտարազգիները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում