Հարցազրույց

Հայ-հունական տնտեսական, քաղաքական ու ռազմական կապերի մասին ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հարցազրույցը

8 րոպեի ընթերցում

Հայ-հունական տնտեսական, քաղաքական ու ռազմական կապերի մասին ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և հույն ժողովուրդներին կապում է դարավոր փոխգործակցության պատմությունը: Հայկական և հունական երկու հին քաղաքակրթությունները մշտապես պայքարել են` իրենց անկախությունն ու ազատությունը պահպանելու համար: «Արմենպրես»-ը Հունաստանի ազգային տոնին ընդառաջ զրուցել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի հետ` երկկողմ հարաբերությունների սերտացման, տարբեր ոլորտներում առկա համագործակցության և այլ հարցերի շուրջ:

-Պարոն դեսպան, մարտի 25-ին նշվում է Հունաստանի ազգային տոնը: Հունաստանում ի՞նչ միջոցառումներ են սովորաբար անցկացվում այդ օրը: Ինչպե՞ս եք պատրաստվում նշել տոնը: Հայաստանում որևէ միջոցառում նախատեսո՞ւմ եք կազմակերպել:

-Մարտի 25-ը Հունաստանի ազգային օրն է, տարեդարձ իրադարձությունների, որոնք ծնեցին ժամանակակից Հունաստանը: Որպես այդպիսին` այն տոնվում է բոլոր մակարդակներով` ամբողջ երկրի տարածքով: Այդ օրը Երևանում Հունաստանի դեսպանատունը կազմակերպում է մշակութային իրադարձություն` նվիրված Հայաստանում հունական համայնքի պատմությանը:

նչպե՞ս եք գնահատում հայ-հունական հարաբերությունների ներկա մակարդակը. ինչպե՞ս է զարգանում քաղաքական երկխոսությունը:

-Հայ-հունական հարաբերությունները զարգանում են ակտիվորեն` երկու ժողովուրդների հնագույն ժամանակներից եկող բարեկամության ամուր հիմքի վրա: Հունաստանի խորհրդարանի խոսնակ պարոն Մեիմարակիսի, պաշտպանության նախարար պարոն Ավրամոպոուլոսի, Հայաստանի պաշտպանության նախարար պարոն Օհանյանի, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ պարոն Գերոնտոպոուլոսի վերջին այցերը զգալիորեն ամրապնդել են երկու երկրների երկկողմ հարաբերությունները` բարձրացնելով մեր քաղաքական երկխոսությունը նոր` ավելի բարձր մակարդակի վրա:

-Գոհացնո՞ւմ է Ձեզ տնտեսական կապերի ներկա մակարդակը. որքա՞ն է ապրանքաշրջանառության ծավալը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրա ավելացման նպատակով:

-Երկու երկրների տնտեսական հարաբերությունները մեր սպասումները չեն արդարացնում, չնայած 2013-ին ապրանքաշրջանառությունն արձանագրել է 13 տոկոսի աճ` հասնելով 10,7 միլիոն եվրոյի: Հետևողական ջանքեր են իրականացվում հայ և հույն գործարարներին մերձեցնելու և նրանց ծանոթացնելու մյուս երկրի բիզնես միջավայրին: Այս ուղղությամբ նախատեսում ենք մայիսին Երևանում անցկացնել հայ-հունական գործարար համաժողով:

-Նախատեսվո՞ւմ են արդյոք բարձրաստիճան փոխայցելություններ առաջիկայում:

-Երկու կողմերից էլ նախատեսված են բարձր մակարդակի պաշտոնական այցեր, որոնք մեծապես կամրապնդեն մեր երկկողմ հարաբերությունները: Այս տարի` ավելի ուշ ակնկալվող միջկառավարական համատեղ հանձնաժողովի հանդիպումը կնպաստի մեր առևտրատնտեսական փոխանակումներին և կբարձրացնի երկու երկրների տնտեսական համագործակցության մակարդակը:

-2014 թվականին Հունաստանը ստանձնել է Եվրամիության վեցամսյա նախագահությունը: Ի՞նչ ծրագրեր և միջոցառումներ եք ձեռնարկում Հայաստանի և կառույցի համագործակցությունը սերտացնելու նպատակով:

- Հունաստանն այս տարվա առաջին կիսամյակում ստանձնել է Եվրամիության նախագահությունը: Դա շատ կարևոր ժամանակաշրջան է ոչ միայն այն պատճառով, որ Եվրախորհրդարանի ընտրությունները մայիսին են, այլև պայմանավորված է այն զարգացումներով, որոնք ներկայումս տեղի են ունենում մեր մայրցամաքում: Հայաստանը կիսում է եվրոպական արժեքները և մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերությանը: Նախորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովի ընթացքում Հայաստանը և ԵՄ-ն ընդունել են համատեղ հայտարարություն, որով վերահաստատում են իրենց հավատարմությունը` հետագայում իրենց համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Հունաստանը պատրաստ է օգնել Հայաստան- ԵՄ կապերն ամրապնդելու գործում:

-Երկու երկրները մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահում նաև ռազմատեխնիկական համագործակցությունը և պարբերաբար թարմացնում են պայմանագրային բազան. ի՞նչ նոր ծրագրեր են նախատեսվում այդ հարթության վրա:

-2013-ին երկու երկրների պաշտպանության նախարարների փոխայցերը մատնանշեցին հայ-հունական հարաբերություններում պաշտպանական համագործակցության բաղադրիչի նշանակությունը և մտադրությունն այն է, որ երկու կողմերը տարեցտարի հարստացնեն ամենամյա համագործակցության ծրագիրը: Ընթացիկ տարում այն, ի թիվս այլ միջոցառումների, ​​իր մեջ ներառում է ռազմական ուսումնական հաստատությունների աշակերտների փոխանակում, սպաների փոխադարձ այցելություններ և վերապատրաստումներ` միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար:

-Հայաստանում մեծ թվով հույն ուսանողներ ստանում են կրթություն, բացի դրանից, հունարեն է դասավանդվում հայ-հունական պետական քոլեջում: Ինչպե՞ս եք գնահատում հումանիտար համագործակցության մակարդակը: Փոխանակման ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում կրթության ոլորտում:

-Հունարենի ուսումնասիրությունը բավականին տարածված է Հայաստանում: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական և Երևանի պետական ​​համալսարաններում կան հունարենի դասընթացներ: Հունարեն է նաև դասավանդվում է հայ-հունական զբոսաշրջության քոլեջում: Կրթաթոշակներ են նաև առաջարկվում հունական հաստատությունների կողմից` բուհերն ավարտածների համար` հունական համալսարաններում սովորելու նպատակով; Բացի դրանից, համապատասխան երկկողմ ծրագիրը նախատեսում է փոխադարձ փոխանակում` գիտնականների և հետազոտողների համար:

-Ինչպես հայկական մշակույթը, այնպես էլ հունականն ունի բազմադարյան պատմություն: Երկու երկրների մշակույթները ճանաչելու համար նախատեսվա՞ծ է կազմակերպել մշակույթի օրեր Հայաստանում և Հունաստանում:

-Ինչպես Դուք արդարացիորեն նշեցիք, որ հույն և հայ մշակույթների միջև եղել է շատ երկար և բազմակողմանի համագործակցություն: Տարբեր մշակութային միջոցառումներ են կազմակերպվում և Հունաստանում, և Հայաստանում` համապատասխան դեսպանատների կողմից, ինչպես նաև տեղական համայնքների աջակցությամբ, պարտադիր չէ, որ ինստիտուցիոնալացված ձևով:

-Որպես զբոսաշրջային գրավիչ երկիր համարվող Հունաստանի դեսպան, ի՞նչ եք կարծում, ունի Հայաստանը ներուժ գրավելու զբոսաշրջիկներին, ավելի շատ շեշտն ինչի՞ վրա պետք է դնի երկիրն` ավելացնելու իր տուրիստական գրավչությունը:

-Զբոսաշրջությունն իրոք, հունական տնտեսության կենսական ոլորտն է: Ես խորապես հավատում եմ, որ Հայաստանը ունի նաև լավ ներուժ այս ոլորտում և արդեն առաջընթաց է կատարում: Իմ կարծիքով, եզակի հայկական մշակութային ժառանգության հետ մեկտեղ` երկրի լեռները կարող են լինել խիստ գրավիչ` զբոսաշրջության տարբեր տիպերի համար` ամբողջ տարվա ընթացքում:

-Պարոն դեսպան, Դուք արդեն հասցրել եք որոշ չափով ծանոթանալ Հայաստանին և հայ ժողովրդին: Արդյոք գտնու՞մ եք նմանություններ հայ և հույն ժողովուրդների միջև:

-Հույները և հայերը դարեր շարունակ ապրել են կողք կողքի և դա ազդել է բազմաթիվ ընդհանուր տարրերի` իրենց համապատասխան մշակույթներում: Սա ակնհայտ է մեր ավանդույթներում, ամենօրյա կյանքում և մեր մտածելակերպում և ապրելաձևում:

Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում