Երևանում հանդիսավորությամբ բացվեց մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքների գործարան
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժշկական մի քանի տեսակի ասեղներ, ներարկիչներ, ինսուլինային գրիչների ասեղներն ու արյան հավաքման վակումային և կաթիլային համակարգերը կազմելու են Երևանում մարտի 14-ին բացված մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքների արտադրության գործարանի հիմնական արտադրանքը: Գործարանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանը, տարբեր ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա հյուրեր:

Գործարանի առաջին աշխատանքներին` շրջայցի միջոցով հետևելու հնարավորություն ունեցան նաև զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները, ովքեր շրջեցին գործարանի սրահներով և ականատեսը եղան արտադրանքի պատրաստման ողջ գործընթացին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում գործարանի գլխավոր տնօրեն Ժիրայր Հեպոյանը նշեց, որ գործարանը կզարգանա երեք փուլով:«Այժմ գործարկվում է առաջին փուլը, որի ընթացքում պատրաստվում ենք թողարկել 1, 2,5, 10, 20 մլ ներարկիչներ, ասեղներ, որոնք ամբողջությամբ այստեղ են պատրաստվելու: Այս փուլում թողարկելու ենք նաև ինսուլինային գրիչների համար հատուկ ասեղներ` բոլոր չափերի»,- պատմեց Հեպոյանը:
Նրա տեղեկացմամբ` գործարանի ողջ արտադրանքը համապատասխանում է եվրոպական բարձրագույն Պատշաճ արտադրական գործունեության` GMP չափանիշներին, ինչը հնարավորություն կընձեռի արտադրանքն արտահանել ինչպես Եվրոպա, այնպես էլ հարևան երկրներ:

Մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքների արտադրության գործարանի առաջին արտադրանքը կհայտնվի շուկայում ապրիլի առաջին կեսին: Հեպոյանի վստահեցմամբ` այն առաջին հերթին կլինի մրցունակ:
Պատասխանելվ լրագրողների հարցին` նա նշեց, որ ներկայումս աշխատանքային պայմանագրեր են կնքվել 112 անձանց հետ: Աշխատակիցների աշխատավարձը լինելու է 150-160 հազար դրամ: Մինչ մայիսի վերջ նախատեսվում է բարձրացնել արտադրական հզորությունները` աշխատողների թվաքանակը տարվա ընթացքում հասցնելով 400-ի:
«Ես շատ վաղուց երազել եմ, որ Հայաստանում բժշկական սարքավորումներ արտադրվեն` կատետորներ, ներարկիչներ, ասեղներ: Եվ, բնականաբար, այս գործարանի բացումը շատ մեծ օգուտ կբերի առողջապահական համակարգին` արտադրանքի ցածր ինքնարժեքի հաշվին: Կարծում եմ, այն կբավարարի ամբողջ Հայաստանի պահանջարկը և մի բան էլ ավելին»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Նրա գնահատմամբ` մեկանգամյա բժշկական գործիքների արտադրության գործարանի բացումը կարևոր է նաև նոր աշխատատեղերի ստեղծման և արտահանման տեսանկյունից:
Պատասխանեով այն հարցին, թե արդյոք այս գործարանի արտադրանքից կօգտվեն հայաստանյան հիվանդանոցները, նախարարը հավաստիացրեց, որ արտադրանքը և որակով և ինքնարժեքով ավելի մրցունակ կլինի, քանի դրսից բերված արտադրանքը:

ՀՀ կառավարության 2013 թվականի որշմամբ «Մեգա Մեդ» ընկերությանը տրվել է արտոնություն` ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումների ԱԱՀ-ի հետաձգում երեք տարի ժամկետով:
«Մեգա Մեդ» ՍՊԸ-ի միակ բաժնետերն է ռուսական «Աֆինա Պալլադա» ընկերությունների խումբը, որում ներառված են մեքենաշինության, շինարարարական, նախագծային և այլ ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք ընկերություններ:
Միավորումը հիմնադրվել է 1991 թվականին: «Մեգա Մեդ»-ում մեկանգամյա բժշկական գործիքների արտադրության ծրագրի շրջանակում բաժնետիրոջ կողմից մինչև այժմ իրականացվել են ավելի քան 42 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Արտադրության թողարկման լրիվ ծավալին հասնելու պահին ներդրումները կկազմեն շուրջ 47 մլն ԱՄՆ դոլար:

Գործարանի ողջ տարածքը կազմում է 1.2 հա: Գործարանային կառույցներն ու ենթակառույցները զբաղեցնում են 4 հազար 350 քմ հողատարածք: Գործարանային մասանշենքի ընդհանուր տարածքը` 13 հազար 250 քմ է: Ստորագրման են նախապատրաստվում արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ պատրաստի արտադրանքի առաքման և համագործակցույան վերաբերյալ հուշագրեր: Շահագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1.2 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի:
Տաթևիկ Գրիգորյան