Հասարակական

Վախճանվել է Ամերիկայի Արևելյան թեմի հոգևոր սպասավոր Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանը

3 րոպեի ընթերցում

Վախճանվել է Ամերիկայի Արևելյան թեմի հոգևոր սպասավոր Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը առ Աստված աղոթքով բարեհիշատակ Հայր Սուրբի հոգու հանգստության համար` սգում են Հոգեշնորհ Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանի մահը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանն ի Տեր հանգչել է ԱՄՆ Բելվիլ Իլլինոյի հիվանդանոցում մարտի 3-ին:

Տ. Շնորհք (գավազանի անունը` Արամ) ծայրագույն վարդապետ Գասպարյանը ծնվել է 1929 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում:

Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրիայի ազգային վարժարանում, ապա ուսանել Անգլիական դպրոցում:

1959 թ. ավարտել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը և ձեռնդրվել սարկավագ: Միաժամանակ ուսանել է Մարգեթի համալսարանում: Տիրապետել է ինը լեզուների:

1961 թ. ձեռամբ Եգիպտոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մամբրե արքեպիսկոպոս Սիրունյանի կուսակրոն քահանա է ձեռնադրվել Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

1962 թ.-ից հովվական առաքելությամբ մեկնել է Բրազիլիա` Սան Պաուլո, ուր վարդապետության մասնավոր աստիճան է ստացել տեղի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Ապատյանի կողմից:

1963 թ.-ին նշանակվել է Բրազիլիայի և Ուրուգվայի առաջնորդական փոխանորդ:

1969 թ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի հանգամանքով հրավիրվել է Ս. Էջմիածին:

1974 թ. Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկայնի կողմից ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան:

1979 թ. Թուրքիայի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի կողմից նշանակվել է Պատրիարքի օգնական:

1996 թ. Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից հրավիրվել է Երուսաղեմ` իբրև ճեմարանի պատասխանատու և դասախոս:

Ամերիկայի Հայոց Արևելյան թեմում հովվական պաշտոններ է վարել մի շարք շրջաններում: Հովվական ծանր պարտականությունների հետ մեկտեղ հետևել է Քրիստոսաբանության, Ծիսական աստվածաբանության, Հովվական խորհրդատվության և Լեզվաբանության դասընթացներին:

Հանգստյան կոչվելուց հետո Հոգեշնորհ Հայր Սուրբը որպես այցելու հովիվ իր ծառայությունն էր շարունակում բերել Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի մի շարք ծուխերում:

Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանի լուսանկարն «Արմենպրես» լրատվական գործակալության 2013թ. 10 լավագույն լուսանկարներից էր:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում