2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն կկայնա ԱՄՆ «Թայմս Սքուեյր» հրապարակում 2014 թվականի ապրիլի 27-ին ժամը 14-16-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Մասիս փոստ»-ը, հազարավոր հայեր այդ օրը կհավաքվեն ոգեկոչելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Արարողության կարգախոսն է «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության համար. անհերքելին հերքելը հանցանք է»:
Ելույթներ կունենան Հարավային Քննեքթիքութ պետական համալսարանի նախագահ դոկտոր Մերի Փափազյանը, փաստաբան Արմեն ՄքՕմբերը, ինչպես նաև քաղաքացիական, կրոնական, մարդասիրական, կրթական, մշակութային առաջնորդներ և արվեստագետներ:
«Երկարաժամկետ հեռանկարում թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը վճռորոշ նշանակություն ունի, քանզի Թուրքիան է Օսմանյան կայսրության գործողությունների պատասխանատվությունը կրող իրավահաջորդ պետությունը: Վերջին տարիներին որոշ դրական զարգացումներ են տեղի ունեցել թուրք մտավորականների շրջանում, այդ թվում` գլխավոր կազմակերպիչներից մեկի թոռան մոտ, ուստի հնարավոր է, որ հարյուրամյա տարելիցին Թուրքիան նույնպես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշել է դոկտոր Մերի Փափազյանը:
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը կազմակերպել է «Վարդանանց ասպետներ և դուստրեր» հայկական կազմակերպությունը: Այս պատմական իրադարձությունը հարգանքի տուրք է Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության բնաջնջած 1.5 միլիոն հայերի և դրան հաջորդած ցեղասպանությունների զոհերի հիշատակին: