5 րոպեի ընթերցում
Աշխատանքային օրվա կեսն է, գործակալությունը դատարկ է...
Փորձում եմ ոչնչի մասին չմտածել, սակայն նորությունների և խոսակցությունների պատառիկները մտքիս հանգիստ չեն տալիս:
«Մայդանում 11 դիակ կա», «Սանյա, Ձեր վիճակն ինչպե՞ս է », «14.00-ին նոր գրոհ են խոստանում», «Իսկ եթե ռազմական գործողություն լինի՞», «Դե, երկիրն այլևս նախկինը չի լինի»:
Դեռ վերջերս մեր ամենամեծ ողբերգությունը կանխավճարի մեկօրյա ուշացումն էր, իսկ հիմա, բառացիորեն կողքիդ մարդիկ են զոհվում ու ավելի սուր ես զգում կյանքն ու ժամանակը:
Հենց նոր վերադարձա Հեռուստատեսային և ռադիոհեռարձակման պետական կոմիտեի տեղակայման նոր վայրից: Դրա շենքը, որ գտնվում է Կրեշչատիկ փողոցում (հարում է Մայդանին) գրավել են ցուցարարները և վիրավորների համար հիվանդանոց են դարձրել: Հավաքվել են մեկ այլ տեղ այն ամենով, ինչ կարողացել են տանել կամ վերցնել (փաստաթղթեր, երկու- երեք համակարգիչ) և մտածում են ինչպես շարժվել առաջ:
-Շա՞տ վիրավորներ բերեցին:
-Բավականին:
-Հրազենայի՞ն…
-Այո…
- Ի՞նչ է հաջողվել փրկել: Խորհրդակցությունը սկսվում է:
Վերադառնում եմ առաջին բարիկադից 900 մետր հեռավորությամբ գտնվող իմ շենք: Ժամը երկուսն է: Ժամանակը կանգ է առնում, լսողությունը սրվում է: Շտապ օգնության մեքենաների շչակներն աղեկտուր սուլում են: Դիմացի մայթին գտնվող Կիևի պատմության թանգարան մարդատարներից նկարներ են մտցնում (հենց մտցնում), փրկու՞մ են, թե՞ նոր ցուցահանդես են պատրաստում:
Պայթյուններ չեն լսվում: Ամպի տակից արևն է դուրս գալիս, տաքանում է, հոգիդ էլ է ջերմանում: Զանգում են ընդունարան: Քարտուղարուհուն տուն եմ ուղարկել, այդ պատճառով բարձրանում ու գնում եմ:
-Կարմիր խաչից է: Մեզ մեղադրում են, որ հրաժարվել ենք կանադական դեղորայքի օգնությունը ստանալ: Սուտ է: Մենք այս առիթով մամուլի ասուլիս ենք հրավիրում: Եկեք: Մեկ էլ Մայդանում վիրավոր կա՝ բժշկական լրիվ արտահագուստով և տարբերիչ նշաններով:
Գրանցում եմ տվյալները, թղթակցին հանձնարարում եմ կապվել նրանց հետ: Թույլ եմ տալիս միջոցառմանը չգնալ. այն Մայդանի հարևանությամբ է…
Երկուսն անց կես է, արևը մեզ հետ է:
Քայլում եմ գործակալության անսովոր դատարկ միջանցքներով` շրջայց եմ անում:
Լարվում եմ: Կարծես պայթյունների ձայներ լսվեցին…Մեխվում եմ տեղում … իջնում եմ երեք հարկ ու դուրս եմ գալիս փողոց: Փոքրաթիվ ժողովուրդը թափառում է, ասես ոչինչ չի եղել: Կայանողը մայթի մոտ կանգնած մեքենաներից սովորականի պես փող է հավաքում: Փողոցի մյուս կողմում նկարները դեռ մտցնում են թանգարան:
Մտնում եմ ներքին բակ, ամեն ինչ հանգիստ է: Այստեղ տեղակալս և վարորդները մեր մեքենաների մոտ ետուառաջ են անում:
-Երկու մեքենա վերադարձել է, հիմա տղերքը կհանգստանան ու տուն կտանեն վերջին թողարկող խմբագիրներին: Եթե վաղը մետրոն չաշխատի՝ լուրերը տնից կդնենք: Լավ կանեք դուք էլ գնաք: Ճիշտ է, ասում են, որ լցակայաններում կիլոմետրանոց հերթեր են, և որ Դնեպրի վրայի կամուրջները փակել են:
Վերադառնում եմ աշխատասենյակ: Անջատում եմ ակտիվ գործողությունների կոչ անող հեռուստացույցն ու բացում «Կիև- պեչորյան մայրավանքի պատմության» հաստ հատորը. «Կիևցիները քշեցին Իզյասլավին և գահ բարձրացրեցին նրա ազգականին՝ Պոլոցկի Վսեսլավ իշխանին: Իզյասլավը Կիև վերադարձավ օտարական լեհերի օգնությամբ: Նրա որդին՝ Մստիսլավը սարսափելի դաժանությամբ հաշվեհարդար տեսավ ասպտամբների հետ: Մոտ յոթանասուն մարդ մահապատժի ենթարկվեց, շատերին նա հրամայեց կուրացնել»,- գիրքը պատմում է հազարամյա վաղեմության պառակտման և սրբազան ծերերի նկատմամբ հալածանքի մասին 3000 մետր հեռավորության վրա այնտեղից, որտեղ այս տողերն են ընթերցվում...
Մտքերը կրկին հանգիստ չեն թողնում...
...Այս երկիրն այլևս նախկինը չի լինի...
Հ.Գ. Այդ օրը ԶԼՄ-ները հաղորդեցին Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումներում 67-100 զոհերի մասին:
Օլեքսանդր Դեցիկ
«Ուկրինֆորմ» գործակալության գլխավոր տնօրեն