Քաղաքականություն

Քաղաքագետը հույս ունի, որ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը կյանքի կկոչվի մոտ ժամանակահատվածում

4 րոպեի ընթերցում

Քաղաքագետը հույս ունի, որ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը կյանքի կկոչվի մոտ ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային լիարժեք ձեւաչափը վերականգնելու հայտարարությունը դրական տեղաշարժ է, սակայն Երեւանում եւ Ստեփանակերտում սպասում են ավելիին: «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանի խոսքով` հայտարարությունը` հայտարարություն, սակայն կարեւորն այն է, թե երբ այն իրականություն կդառնա: Գրառումն անշուշտ, դրական քայլ է եւ ողջունելի, սակայն առավել կարեւոր են հետագա գործընթացները: «Պետք է հասկանալ` կա՞ գործընթաց, որը տանում է լիարժեք մասնակցության ձեւաչափի, թե ոչ: Բանակցությունների սեղանին ԼՂՀ վերադարձի մասին խոսվում է տարիներ շարունակ, քանի որ առնվազն անբարոյական է բանակցել մարդկանց ճակատագրի մասին եւ նրանց չընդգրկել բանակցությունների ձեւաչափին: Ես չեմ անդրադառնում քաղաքական նպատակահարմարությանը, իրավական խնդիրներին եւ այլն: Այս վիճակն այնքան անբնական է, որ միշտ հարուցել է զարմանք, թե ինչպես համանախագահող երկրները չեն կարողանում դա չընկալել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բեքարյանը:

Ըստ քաղաքագետի խնդիրն այլ էր. միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսքան ժամանակ ոչ թե խնդրի էությունը չէին ընկալում, այլ ուղղակի առկա էր Ադրբեջանի տորպեդահարումն այդ հարցի առնչությամբ: «Մտածելու տեղիք է տալիս այն, թե ինչ է տեղի ունենում բանակցությունների սեղանին, որ նման բաց տեքստով հայտարարություն են անում»,- ասաց Բեքարյանը` հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին եղել եւ շարունակում է մնալ անխուսափելի:

«Համանախագահները բազմիցս հայտարարել են, որ որեւէ պահի Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ: Այժմ էլ նրա մասնակցությունը ինչ-որ չափով կա. համանախագահները տարածաշրջան այցելությունների ժամանակ այցելում են Ստեփանակերտ, կոնսուլտացիաներ անցկացնում ԼՂՀ նախագահի եւ Արտաքին գործերի նախարարի հետ: Սա կա, սա ունենք: Հայտարարության արդյունավետության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ եթե այն կարճ ժամկետներում դառնա իրականություն: Համանախագահներն էլ են հասկանում, որ ակնկալել որեւէ արդյունք բանակցություններից, երբ Ղարաբաղը լիարժեքորեն ընդգկված չէ` միամտություն է»,- ասաց Բեքարյանը:

Փետրվարի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լիարժեք ֆորմատի վերականգնման ցանկություն էր հայտնել: «Հունաստանի և Թուրքիայի կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են հիմնախնդրի երկարաժամկետ կարգավորման բանակցությունների: Իսկ ինչու՞ նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը: ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունն էլ իր միկրոբլոգում հետեւյալ գրառումն է թողել. «Մենք համաձայն ենք Ջեյմս Ուորլիքի հետ, որ ժամանակն է վերականգնել լիարժեք բանակցությունները Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությամբ»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ գործընթացը սկսվեց 1994-ին Բիշկեքում կնքված զինդադարից: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Ներկայում բանակցություններն ընթանում են 2007թ. նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում