Սփյուռք

Մեկնարկել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի 2014 հեռուստամարաթոնը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի 2014 հեռուստամարաթոնը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը (ANCA) տվել է իր չորրոդ հեռուստամարաթոնի մեկնարկը, որի հասույթը կնվիրվի Հայաստանի պաշտպանությանը և Հայկական հարցի առաջխաղացմանն ու ԱՄՆ հայերի հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, հեռուստամարաթոնի մեկնարկի հանդիսավոր արարողությունը կայացել է հունվարի 31-ին Հարավային Կալիֆորնիայում: Հեռուստամարաթոնի կազմակերպիչները նախատեսում են այս դրամահավաքին աննախադեպ թվով մասնակիցների ներգրավել ԱՄՆ հայկական համայնքներից: 2014 հեռուստամարաթոնի նախագահ Սթիվ Արթինյանը, Արևելյան ԱՄՆ խորհրդի անդամ Ջոշուա Թևեքելյանը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հիմնադրամի նախագահ Քեն Խաչիկյանը և ամերիկահայ այլ առաջնորդներ քննարկել են հեռարձակման տարածման, ծրագրավորման մանրամասները, ինչպես նաև համայնքների մասնակցության ակտիվացման նորարարական և թարմ ուղիներ:

«Անկարան ակտիվացնում է իր ժխտողական քաղաքականությունը 2015 թվականին ընդառաջ, Բաքուն ավելացրել է հարձակումները Արցախի և Հայաստանի վրա, այս պարագայում ավելի քան երբևէ կենսական է, որ ամերիկահայերը համախմբված կանգնեն մեր հայրենակիցների կողքը: Մենք, ինչպես նախկինում նշել եմ, հայ ազգի երկրորդ բանակն ենք, և շատ առումներով, մեր հայրենիքի առաջին գծի պաշտպանները` գնալով ավելի ագրեսիվ դարձող թուրքական և ադրբեջանական կառավարությունների դեմ»,- նշել է Խաչիկյանը:

Առաջին երեք հեռուստամարաթոնները տեղի են ունեցել 2006, 2009 և 2012 թվականներին` հավաքելով 6 միլիոն 500 հազար դոլար: Այդ գումարը հատկացվել է կրթական, երիտասարդական և քաղաքացիական ծրագրերի իրականացման համար:

Հեռուստամարաթոններին մասնակցել են բազմաթիվ կոնգրեսականներ և նահանգային օրենսդիրներ, կազմակերպություններ, կամավորներ, համայնքի առաջնորդներ, Հայ դատի հանձնախմբեր, արվեստագետներ` նպաստելով դրանց մեծ հաջողությանը:

Բազմազան համայնքային միջոցառումներ ընդգրկող արշավը կամփոփի հունիսի 6-ի հեռարձակմամբ, որ տեղի կունենա ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում