Սփյուռք

Հալեպի հայաշատ թաղամասերում հրասանդներ են ընկել

2 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ թաղամասերում հրասանդներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում գտնվող խանութի մոտ փետրվարի 2-ին՝ հետմիջօրեից հետո, հրասանդ է ընկել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Աղբյուրի տեղեկացմամբ` հրասանդի ընկնելու հետևանքով տեղացի մեկ մարդ է զոհվել: Բացի դրանից, նույն ժամին մեկ այլ հրասանդի թիրախ է դարձել Ռիայաթ Շաբաբ-Վիլաններ շրջանը: Բարբախտաբար, վնասներ չեն արձանագրվել:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ անցնող շաբաթվա ընթացքում սիրիական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է ծավալել զինված խմբավորումների հսկողության տակ գտնվող շրջաններում, մասնավորապես՝ Հալեպի արևելյան շրջաններում՝ օգտագործելով ուղղաթիռներ: Սիրիական զորքը զինյալների դեմ ազատ գործելու նպատակով բնակիչներին կոչ է արել հեռանալ այդ շրջաններից: Մինչև այժմ մերթ ընդ մերթ քաղաքում լսվում են տարբեր զենքերի, ռումբերի ուժգին ձայներ: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում փետրվարի 2-ին օդային ռմբակոծության հետևանքով 83 մարդ է զոհվել: Ռմբակոծության են ենթարկվել քաղաքի հյուսիսային շրջանները: Ակտիվիստների խոսքով զոհերի մեծամասնությունը քաղաքացիներ են:

Սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում