ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» 15-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա ռուս դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան: Անվանի դաշնակահարուհին փետրվարի 2-ին ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում և կկատարի Լիստի, Ալբենիսի, Ուստվոլսկայայի, Չայկովսկու ստեղծագործությունները: Նույն ծրագրով դաշնակահարուհին ելույթներ է ունենում նաև այլ երկրներում:
«Մեզ համար բացառիկ երջանկություն է ընդունել կամերային երաժշտության բնագավառում աշխարհում ամենահայտնի դաշնակահարուհուն: Բաշկիրովայի հայրը հայտնի երաժիշտ և պրոֆեսոր Դմիտրի Բաշկիրովն է, ով խորհրդային երաժշտությանն ամենամեծ ծառայությունը մատուցած դաշնակահարնեւից մեկն է: Որպես կամերային երաժիշտ` Ելենա Բաշկիրովան իր հավասարը չունի: Նա պարբերաբար նվագակցում է բազմաթիվ հայտնի կատարողների»,-«Արմենպրես»- ի փոխանցմամբ, նշեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:
Ռոստոմյանը հավելեց, որ Բաշկիրովան առաջին անգամ Հայաստան է այցելել մի քանի տարի առաջ և որպես մենակատար հանդես եկել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` կատարելով Բեթհովենի ստեղծագործություններից:
«Ես շատ ուրախ եմ Երևանում լինելու համար, երջանիկ եմ վերադառնալ այստեղ: Հայաստանը հիասքանչ երկիր է, ունի շատ լավ հանդիսատես, և ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ: Ուրախ եմ, որ այսօր շատերն են Հայաստան այցելում, և երբ նշում եմ, որ Հայաստան եմ գալիս, շատերն են ուրախանում: Հազվադեպ է նման հանդիսատես լինում, ինչպես Հայաստանում է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ելենա Բաշկիրովան:
Դաշնակահարուհին հավելեց, որ կցանկանար իր երաժշտացանկը համալրել հայկական ստեղծագործություններով: Ասուլիսի ընթացքում նա ասաց, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում կարելի է իրականացնել Երուսաղեմում:
Ելենա Բաշկիրովայի հետ Հայաստան է ժամանել նաև «Սիմենաուեր Իմպրեսարիատի» հիմնադիր նախագահ Սոնիա Սիմենաուերը, ում շնորհիվ տարիներ շարունակ Հայաստան են եկել բազմաթիվ հայտնի երաժիշտներ և կոլեկտիվներ: Սիմենաուերը նշեց, որ համագործակցության սկզբում Հայաստանի մասին ոչինչ չգիտեր և նույնիսկ մտածում էր, որ Հայաստան արտիստ ուղարկելը նման էր Լուսին արտիստ ուղարկելուն: Սոնիա Սիմենաուերը հայտնեց, որ հայկական փառատոնի հետ համագործակցությունը կշարունակվի:Ելենա Բաշկիրովան Հայաստանից հետո համերգներ կունենա նաև տարածաշրջանի երկրներում:
Դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովանծնվել է Մոսկվայում և սովորելՊ. Ի.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում իր հոր՝ հայտնի դաշնակահար ևմանկավարժԴմիտրի Բաշկիրովի ղեկավարությամբ։Բացի դասական և ռոմանտիկ ստեղծագործություններից, Ելենա Բաշկիրովան կատարումէ 20-րդ դարի երաժշտություն և պարբերաբար նվագում այնպիսի հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիք են Համբուրգի պետական ֆիլհարմոնիկ, NDR-ի (Համբուրգ), WDR-ի (Քյոլն), Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկ և«Կոնցերտհաուզ», ինչպես նաև Փարիզի,Չիկագոյի,Իսպանիայի ազգային, Գյուլբենկյան նվագախմբերը։