Հասարակական

Նախագահը մասնակցեց Աբովյանի արդիականացված բժշկական կենտրոնի բացման արարողությանը

2 րոպեի ընթերցում

Նախագահը մասնակցեց Աբովյանի արդիականացված բժշկական կենտրոնի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանի` Կոտայքի մարզ աշխատանքային այցի առաջին կանգառը Աբովյան քաղաքն էր: Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ նախագահը մասնակցեց բժշկական կենտրոնի բացման արարողությանը, շրջեց հիմնանորոգված և արդիական սարքավորումներով հագեցած հիվանդանոցի բաժանմունքներում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտորյա Միքայելյանն ասաց, որ վերակառուցման աշխատանքների շնորհիվ հիմնովին վերափոխվել են հիվանդանոցի պայմանները, արդիականացվել սարքավորումները: «Հիմնանորոգված բժշկական կենտրոնում տեղակայված է շտապ օգնության ծառայություն, ախտորոշիչ բաժանմունք, վիրաբուժական, ինֆեկցիոն, մեծահասակաների թերապևտիկ և մանկաբուժական բաժանմունքներ, ինչպես նաև օժանդակ ծառայություններ` կենտրոնական ախտահանում, լվացքատուն, ինժեներական և մատակարարման ծառայություններ»,-ասաց Վիկտորյա Միքայելյանը: Տնօրենի պաշտոնակատարի փոխանցմամբ` բժշկական կենտրոնը տարեկան սպասարկում է ավելի քան 2 հազար 600 հիվանդի: Բուժանձնակազմը վստահ է, որ հիմնանորոգումից հետո կկարողանա սպասարկել ավելի մեծ թվով հիվանդների և ստիպված չեն լինի նրանց ուղեգրել Երևան: «Բժշկական կենտրոնն այժմ հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, լաբորասկոպիկ հավաքածուն և վիրահատական LED լուսատուն առաջինն են Կոտայքի մարզում: Այս սարքավորումների կիրառումը հնարավորություն կտա զգալիորեն կրճատել հետվիրահատական բարդություններն ու հիվանդանոցում հիվանդի բուժման տևողությունը»,-նշեց Վիկտորյա Միքայելյանը:

Հիվանդանոցը հագեցվել է նաև բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիրով և եռաչափ ուլտրաձայնային հետազոտման սարքով: Աբովյանի բժշկական կենտրոնում իրականացվել է շուրջ 847 միլիոն դրամի ներդրում, որից ՀՀ կառավարությունը տրամադրել է 212 միլիոն դրամ, իսկ Համաշխարհային բանկի վարկային միջոցներից ուղղվել է 635 միլիոն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում