Հարցազրույց

Վրաստանում ՀՀ դեսպանը` Երեւան-Բաթում ավտոճանապարհի, հայ-վրացական համալսարանի, Թումանյանի բնակարանի եւ այլ հարցերի մասին

16 րոպեի ընթերցում

Վրաստանում ՀՀ դեսպանը` Երեւան-Բաթում ավտոճանապարհի,  հայ-վրացական համալսարանի, Թումանյանի բնակարանի եւ այլ հարցերի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը Հայաստանի կարևոր արտաքին քաղաքական գործընկերն է, և երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակը թույլ է տալիս քննարկել ցանկացած հարց՝ անկախ դրա բարդությունից, արտաքին քաղաքական վեկտորների զանազանությունից, տարածաշրջանային- աշխարհաքաղաքական նախընտրությունների և շահերի համադրելիության աստիճանից: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում նշեց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

-Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը: Բիձինա Իվանիշվիլու թիմի իշխանության գալուց հետո ի՞նչ փոփոխություններ և միտումներ եք նկատում հայ-վրացական հարաբերություններում (թե’ դրական, թե’ բացասական):

-Հայ-վրացական հարաբերություններն անցել են այնպիսի պատմական ուղի, որ դրանց որակն ու մակարդակը չեն կարող կտրուկ փոփոխության ենթարկվել երկրներից որևէ մեկում իշխանափոխության հետևանքով: Հարաբերությունների այս որակին մենք հասել ենք երկուստեք ամենօրյա տքնաջան և շահագրգիռ աշխատանքով: Մեր միջև անլուծելի հարցեր չկան: Հասկանալի է, որ բոլոր հարցերը չեն կարող լուծված լինել կամ լուծվել շատ արագ և ինքնըստինքյան: Մեր երկկողմ օրակարգը միշտ հագեցած է կարևոր և հաճախ դյուրին լուծումներ չենթադրող հարցերով: Մասնավորապես, մենք պետք է մոտ ապագայում լուծենք միմյանց տարածքում առկա հոգևոր և մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության հարցերը, պետք է փորձենք մեր վրաց գործընկերների հետ նպաստել Վրաստանի հայ համայնքի համար կրթամշակութային այնպիսի մակարդակ ապահովելուն, որը հնարավորություն կտա մեր ազգակիցներին պահպանել ազգային ինքնությունն ու նկարագիրը, պետք է փորձենք մեր հասարակությունների և հատկապես մեր երիտասարդ սերունդների, ինչպես նաև մեր հոգևոր իշխանությունների միջև ապահովել ընկալելի երկխոսություն, պետք է աշխատենք մերձեցնել մեր շուկաներն ու տնտեսությունը:

Մեր հարաբերությունների զարգացման նոր հեռանկարներ բացվեցին 2013 թվականի հունվարին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու` Երևան կատարած այցի ժամանակ, երբ նա հանդես եկավ հետաքրքիր նախաձեռնություններով: Օրինակ, շատ հետաքրքիր և հրապուրիչ էր նրա նախաձեռնությունը` վթարային վիճակում գտնվող եկեղեցիների վերականգնումը սկսել մինչև վիճելի եկեղեցիների պատկանելիության մասին որոշում ընդունելը: Բացի դրանից, այցի շրջանակներում ստորագրվեցին երկու կարևորագույն փաստաթղթեր՝ «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգութի» և «Բավրա-Նինոծմինդա» սահմանային անցակետերի համատեղ օգտագործման մասին պայմանագիրը և Հայաստանի ու Վրաստանի մշակույթի նախարարությունների 2013-2015 թթ. համագործակցության ծրագիրը, որոնք նոր լիցք են հաղորդում մեր հարաբերությունների զարգացման մեջ հիմնական համարվող տնտեսական և մշակութային ոլորտներում: Առաջիկա տարիների առաջնահերթություններից մեկը պետք է դառնա տնտեսական հարաբերությունների խթանումը և մշակութային փոխըմբռնողության խորացումը: Մեր նպատակն է այդ երկու՝ տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացումը ամուր հիմք դարձնել քաղաքական հարաբերություների ծավալման և հետագա խորացման համար:

-Գոհացնո՞ւմ են, արդյոք, երկու երկրների տնտեսական կապերը, առեւտրաշրջանառության ծավալները: Դրանք ավելի ինտենսիվ դարձնելու ի՞նչ նոր ծրագրեր ու նախաձեռնություններ կան:

-Զգուշավոր լավատեսության շրջանակներից դուրս չգալու համար ես կգերադասեի օգտագործել ոչ թե «գոհություն» բառը, այլ կասեի, որ հայ-վրացական ներկա տնտեսական կապերն ինձ չեն հիասթափեցնում: Մեր տնտեսական կապերը ամրապնդվում են, տարեցտարի աճում է առևտրաշրջանառությունը: Այսպես, 2013 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով այն կազմել է 343 մլն դոլար, ինչը ռեկորդային է մեր հարաբերությունների համար և 40 մլն դոլարով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Հաշվի առնելով մեր պետությունների ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշները, դա պատկառելի թիվ է: Կա աճ Հայստանից Վրաստան սննդամթերքի արտահանման բնագավառում, ինչի մասին ոչ միայն թվերն են վկայում, այլև փաստը տեսանելի է վրացական վաճառասեղանների վրա: Այսօր հայկական արտադրության սննդամթերք կարելի է հանդիպել ոչ միայն Վրաստանի հայերով հոծ բնակեցված շրջաններում, այլև մայրաքաղաքի և Վրաստանի մյուս խոշոր քաղաքների գրեթե բոլոր խանութներում և առևտրային կենտրոններում: Հետաքրքիր ծրագրեր կարող են ծագել առաջիկայում զբոսաշրջության ոլորտում: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այստեղ արդյունավետությունը իրապես կարող է բարձրանալ պետական հովանավորչության պարագայում: Հարցը հատկապես վերաբերում է զբոսաշրջության ոլորտին:

Դեկտեմբերի կեսերին Երևանում Սևծովյան տնտեսական համագործակցության շրջանակում հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիան քննարկել են համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման որոշակի մանրամասներ: Դարձյալ դեկտեմբերին հայ-վրացական բազմոլորտ հարաբերությունների, մասնավորապես տնտեսական կապերի աշխուժացման արդիական հարցեր են քննարկվել երկու երկրների խորհրդարանականնների հանդիպմանը Ալավերդիում: Այլ կարևոր հարցերի թվում քննարկվել է նաև հայ-վրացական սահմանում մաքսային ռեժիմի հարցը, որի հրատապությունը թելադրված է մոտ ապագայում մեր երկրի` Մաքսային միությանն ինտեգրվելով: Դրա հետ մեկտեղ արագ տեմպերով իրականացվում է Բավրա-Գոգավան-Բագրատաշեն մաքսային անցակետերի զարգացման և արդիականացման նախագիծը, որը թույլ կտա արագացնել սահմանի հատման գործընթացը ինչպես ուղևորների, այնպես էլ փոխադրումներ իրականացնողների համար, ինչը կոչված է ավելի ինտենսիվ դարձնելու մեր տնտեսական կապերը:

-Ժամանակին շատ էր խոսվում Երեւան-Բաթում ավտոճանապարհի տնտեսական օգուտների մասին, նաեւ` Ջավախքի բնակչության համար դրա գործարկման առավելությունների: Ի՞նչ փուլում է ծրագիրը, արդյոք առաջիկայում առաջընթաց կարելի՞ է ակնկալել նախագծի կյանքի կոչման ճանապարհին:

-Այդ նախագիծը Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մշտապես: Դրա իրագործումը զգալիորեն կնվազեցնի տարանցիկ փոխադրման ծախսերը Հայաստանի համար՝ ամենակարճ ճանապարհով կապելով մեր երկիրը սևծովյան նավահանգիստների հետ, ինչպես նաև հայ զբոսաշրջիկների համար ավելի մատչելի կդարձնի Վրաստանի առողջարանները և հանգստի վայրերը: Փաստորեն, ճանապարհի մեծ մասը վերանորգված է: Խնդիրը մնացած ամենաբարդ՝ Աջարիայի լեռնաշղթաներով անցնող հատվածին է վերաբերում: 2013 թվականի սեպտեմբերի սկզբներին Աջարիայում երկօրյա աշխատանքային այցով գտնվող Լոռվա մարզի պատվիրակության հետ Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի հանդիպման ընթացքում վերջինս վստահեցրեց մեզ, որ մոտ ժամանակներում այդ նախագծի շրջանակում աշխատանքները վերսկսվելու են:

-Ինչպիսի՞ն են Վրաստանի նոր կառավարության եւ հայ համայնքի հարաբերությունները:

-Ես համոզված եմ, որ ժողովրդավարական երկրում կառավարության և որևէ ազգային համայնքի հարաբերությունները, նախևառաջ, պայմանավորված են լինում համայնքի գործելաձևով: Եթե համայնքը լինի բավականին համախմբված, քաջ գիտակցի իր առջև եղած խնդիրները, ճիշտ որոշի դրանց առաջնայնությունը, ընդհանուր շահերին համապատասխանելը, ապա ցանկացած երկրորդ կողմի, այդ թվում կառավարության հետ այն կկարողանա փոխշահավետ հարաբերություններ կառուցել: Վերջին ժամանակաշրջանում համայնքում անցկացվել է ինտենսիվ աշխատանք՝ նրա ներքին կազմակերպվածությունն այդ պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Մեծ ուշադրություն է նվիրվել այնպիսի ինստիտուցիոնալ խնդրին, ինչպիսին է համայնքային հիմնախնդիրների սահմանման և դրանց լուծման ուղիների վերաբերյալ քննարկումների հարթակի ձևավորումը: Այդ հարցում կարևոր դեր է ստանձնել Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը և նրա հովանու ներքո գործող ինստիտուտները՝ օրինակ, «Հայարտուն» մշակութային կենտրոնը: Վրաստանի կառավարության հետ ճիշտ հարաբերություններ ձևավորելու տեսակետից նաև շատ մեծ, եթե ոչ վճռական նշանակություն ունի այն, թե հայկական համայնքը ի՞նչ է իրենից ներկայացնում որպես երկրի հասարակական ինստիտուտ: Այս առումով հայության ներգրավվածությունը Վրաստանի հասարակական և քաղաքական կյանքում համարժեք չէ ո՛չ ազգաբնակչության թվակազմին, ո՛չ հայության ունեցած ներդրմանը: Մի պարզ օրինակ բերեմ. Թբիլիսիում ավելի քան 100 հազար հայեր ունենք, իսկ քաղաքային խորհրդում չկա որևէ հայազգի ներկայացուցիչ: Վրաստանում այժմ անցկացվող քաղաքական, վարչական բարեփոխումները ևս պետք է աջակցեն այդ խնդիրների լուծմանը: Այս առումով մենք որոշակի հույսեր ենք կապում Վրաստանում ակտիվ քննարկվող Տարածաշրջանային ինքնակառավարման օրենսգրքի նախագծի հետ: Որոշ մտահոգություն առաջացրեց այն փաստը, որ օրինագիծն առաջին ընթերցումով ընդունելիս վրաց օրենսդիրները նահանջեցին հասարակության, ոչ խորհրդարանական ընդդիմության և Վրաց եկեղեցու աղմկալի քննադատության առաջ՝ իջեցնելով ապակենտրոնացման մակարդակը հիմնականում ազգային փոքրամասնություններով հոծ բնակեցված շրջանների հաշվին: Այնուամենայնիվ, օրինագիծը ներկա ձևով էլ զգալի առաջադիմություն է պետական համակարգի արդիականացման, ինքնակառավարման զարգացման տեսակետից, մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդլայնման մասով: Եվ, եթե օրինագիծն ընդունվի գոնե այն ձևով, ինչ ընդունվել է առաջին ընթերցմամբ, ապա Վրաստանի ազգային համայնքների առջև քաղաքական և քաղաքացիական ակտիվության տեսակետից կբացվեն նոր հեռանկարներ:

-Որքանո՞վ եք իրատեսական համարում Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակի տրամադրումը:

-Այդ հարցը առաջ է բերել Վրաստանի քաղաքական, հասարակական և կրոնական բավականին ազդեցիկ դեմքերի, այդ թվում նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի լուրջ դիմակայությունը: Դրա մասին բացասական կարծիք է արտահայտել նաև նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, երբ հարցը ժամանակին բարձրացվել է Ախալքալաքի շրջանային խորհրդի կողմից: Դրությունը կարող է փոխվել, եթե Վրաստանը ստորագրի և վավերացնի Տարածաշրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիան, որը նախատեսում է տարածաշրջանային լեզուների կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը: 1999 թվականին Եվրախորհրդի անդամ դառնալով` Վրաստանը ստանձնել է այդ պարտավորությունը, սակայն մինչև այսօր չի կատարել: Այնուամենայնիվ, ապրիլի 23-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում իր ելույթում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հաստատել է Վրաստանի հավատարմությունը Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը ՝ այդ թվում նշյալ խարտիայի մասով:

-Ջավախքում հայ-վրացական համալսարանի բացման գաղափարն ինչպե՞ս է ընկալվում վրացական նոր իշխանությունների շրջանում: Այս հարցում առաջխաղացումներ կա՞ն:

-Ջավախքում հայ-վրացական համալսարանի բացման գաղափարը եղել է ներկայումս իշխող ‹‹Վրացական երազանք›› դաշինքի նախընտրական խոստումներից մեկը: Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այդ հարցի նկատմամբ իր դրական վերաբերմունքը հայտնել էր դեռ այն ժամանակ, երբ «Վրացական երազանք» դաշինքի ընտրարշավի շրջանակում այցելել էր Ախալքալաք: Ըստ երևույթին, հարցը մնում է կառավարող կուսակցության օրակարգում: Համենայն դեպս, «Վրացական երազանքի» պատվիրակության Ախալքալաք կատարած վերջին այցելություններից մեկի ժամանակ խորհրդարանական մեծամասնության անդամ պատգամավոր Գիգլա Ժվանիան հաստատել է, որ Ախալքալաքում անպայման կբացվի հայ-վրացական համալսարան: Սակայն մինչ օրս այս ուղղությամբ որևէ իրական քայլ դեռ կատարված չէ:

-Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը վթարային վիճակում է: Բիձինա Իվանիշվիլին խոստացել էր, որ կառավարությունը գումար կհատկացնի թատրոնի վերանորոգման համար: Այս հարցում ի՞նչ առաջընթաց կա, եւ ե՞րբ կսկսվի թատրոնի վերանորոգման գործընթացը:

-Այո, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստացել էր Թբիլիսիի հայկական թատրոնի շենքի վերանորոգման համար հատկացնել խոշոր գումար՝ 2 միլիոն դոլարի չափով։ Ներկա պահին պետական կամ մասնավոր որևէ հատկացում կատարելու մասին որևէ որոշում չկա, կոնկրետ օժանդակություն տրամադրված չէ: Ցավոք, արդյունքում հայկական թատրոնը զրկված է լիարժեք գործելու հնարավորությունից, ինչը ազդում է նրա ստեղծագործական գործունեության և աշխատանքի որակի վրա:

-Պարոն դեսպան, նախորդ տարի ամենաքննարկվող հարցը Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի բնակարանի հարցն էր: Հայկական կողմը նախատեսում էր շենքում մշակութային կենտրոն բացել: Այդ ծրագիրը դեռ ուժի մե՞ջ է, եւ ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ:

-Բանն այն է, որ առանձին վերցրած Թումանյանի բնակարանը հնարավոր չէ լիարժեք ծառայեցնել այդ նպատակին։ Նախ`գնված է բնակարանի մի մասը: Այն հատվածը, որտեղ ներկայումս բնակվում է մեծ բանաստեղծի ծոռնուհին, գնված չէ: Մյուս կողմից, այդ բնակարանն ինքնին ներկայացնում է պատմական արժեք սոսկ այն իմաստով, որ այդտեղ ինչ-որ մի ժամանակահատված բնակվել է Թումանյանը: Որևէ մասունք, կահույք, անձնական իր կամ առարկա պահպանված չէ: Ավելին, ըստ էության, նույնիսկ նախկին արտաքին տեսքից կամ վիճակից որևէ նշույլ չեք գտնի, քանի որ խորհրդային և հետխորհրդային շրջանում տարածքը բազմիցս նորոգվել է, և նախկինից որևէ բան չի մնացել: Այնպես որ, այս տարածքն, իհարկե, կարող է ծառայել որպես հայկական մշակութային կենտրոն, սակայն հատկապես որպես թումանյանական օջախ կամ Թումանյանի տուն-թանգարան այն չի կարող ծառայել:

Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում