ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպում հունվարի 21-ի կեսօրից հետո պայթյուններ են որոտացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ պայթյունների և կրակոցների ձայները հեռու չեն եղել հայկական թաղամասերից: Մարդկային կորուստների մասին մինչ այժմ տեղեկություններ չեն ստացվել: Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ քաղաքն օրվա մեծ մասը կրկին խավարի մեջ է: Այսօր՝ հունվարի 22-ին, միայն մեկ ժամով էլեկտրականությունը վերականգնվել է: Ֆեյսբուքյան «Բերիո լուրեր» էջն իր հերթին տեղեկացրել է, որ 4 օրից ավելի է՝ Հալեպում էլեկտրականություն չկա, և քաղաքը խավարի մեջ է:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ սիրիական բանակը Հալեպի Արբիդ, Քուիրս, Ժդիդե, Օմարիա շրջաններում, ինչպես նաև կենտրոնական բանտի մերձակայքում տասնյակ զինյալներ է ոչնչացրել: Բանակը կանխել է զինված խմբավորման մուտքը Հալեպի Սեյդ Ալի թաղամաս: Տեղի ունեցած բախումների ժամանակ զինյալները կրկին լուրջ վնասներ են կրել:
Երեք տարի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: