Հարցազրույց

«Ժնեւ-2»-ից լուրջ ակնալիքներ չկան. Սիրիայում ՀՀ նախկին դեսպան

10 րոպեի ընթերցում

«Ժնեւ-2»-ից լուրջ ակնալիքներ չկան. Սիրիայում ՀՀ նախկին դեսպան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 22-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի կունենա սիրիական հակամարտությանը նվիրված «Ժնեւ-2» կոնֆերանսը: Միջազգային կոնֆերանսի նախապատրաստական հարցերն արդեն քննարկել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Մինչ հունվարի 20-ը հայտնի էր, որ սիրիական ընդդիմությունը համաժողովին կմասնակցի 15 հոգանոց պատվիրակությամբ, սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի`Իրանին մասնակցության հրավեր ուղարկելուց հետոՍիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային ընդդիմադիր կոալիցիան ՄԱԿ-ից պահանջեց 6 ժամվա ընթացքում չեղյալ համարել հրավերը:«Ժնեւ-2»-ից սպասվող ակնկալիքների եւ հետագա զարգացումների մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում իր տեսակետն է ներկացնում Սիրայում ՀՀ նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյան:

-Պարոն Հովհաննիսյան, նախ հասկանանք` թե ինչ է կատարվում Սիրիայում: Երկրում քիմիական զենքի դուրսբերման աշխատանքներ են ընթանում, ընդդիմությունը պառակտված է, եւ միաժամանակ պատերազմը շարունակվում է:

Սիրիան հյուծված է, կողմերը` թուլացած: Ընդդիմությունը պառակտված է եւ Ազատ Սիրիայի բանակ, որը իրականում երբեք ամբողջական գոյություն չի ունեցել, այսօր վերացել է, հիմնական կռվողները սալաֆիական ջոկատներն են, որոնք լավ զինված են եւ լավ ֆինանսավորում են ստանում: Հետեւաբար, քանի այդ ֆինանսավորումը կա, պատերազմը կշարունակվի: Անշուշտ, լուրջ փոփոխություններ նույնպես կան: Նախ, ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում այդ իրադարձություններից, եվրոպական երկրները, որ սկզբնական շրջանում մեծ «խանդաղատանքով» մտել էին ռազմական իրադարձությունների մեջ, կարծես ավելի լավ պատկերացնելով իրավիճակը, սահմանափակ օժանադակություն են ցուցաբերում զինյալներին: Զինյալների ողնաշարը կոտրվել է, եւ ծավալուն հարձակումներ դժվար թե տեղի ունենա: Սա նշանակում է, որ սիրիական բանակը հնարավորություն է ստացել որոշակիորեն վերակազմավորվելու, թարմանալու եւ որոշակիորեն բարձրացնելու մարտունակությունը: Այստեղ շատ կարեւոր է, թե որքան կշարունակվի սիրիական բանակին զենքին մատակարարումը այն երկրներից, որոնք ակնհայտորեն օժանադակում են կառավարությանը:

-Կարո՞ղ ենք ասել, որ Սիրիայի հարցում ռուսական դիվանագիտությունը տարավ լուրջ հաղթանակ:

Ռուսական դիվանագիտությունն, իհարկե, արձանագրեց լուրջ արդյունք, որը անհնար կլիներ, եթե ԱՄՆ-ն այդ հնարավորությունը չստեղծեր: Սկզբում, Օբաման ամեն ինչ անում էր իր երկիրը կոնֆլիկտին անմիջական մասնակցությունից հեռու պահելու համար: Հենց այդ պատճառով քիմիական զենքի առնչությամբ սադրանքներ ձեռնարկեց, որոնք պետք է ստիպեին ԱՄՆ-ին մտնել սիրիական կոնֆլիկտի մեջ: Հետագայում արդեն շատ հարմար եղավ ռուսական կողմի հետ համագործակցությունը, եւ ԱՄՆ-ն կարողացավ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հասնել որոշակի լուծումների:

Երբ սիրիական հակամարտությունը նոր էր սկսվել միջազգային վերլուծաբանները տեսակետ էին հայտնում, որ այն հիմնականում Իրանի դեմ է ուղղված: Դա շատ միակողմանի մոտեցում էր: Անուշտ, այդ նպատակն էլ կար: Իրաքից ԱՄՆ-ի եւ դաշնակիցների զինված ուժերը դուրս բերելուց հետո այդ երկրում շատ լուրջ դերակատարություն ունի Իրանը, հետեւաբար, Իրան, Իրաք, Սիրիա, Լիբանան գոտին լուրջ աշխարհաքաղաքական գործոն դարձավ: Այս առումով, կարելի է համաձայնել, որ նպատակներից մեկն Իրանի թուլացումն էր: Սակայն չպետք է թերագնահատենք այն հսկայական դերը եւ իրադարաձությունները կառավարելու միտումները, որոնք դրսեւորեցին Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան, որոնք ցանկանում էին իրենց դիրքերի ուժեղացում տարածաշրջանում: Բացի դրանից, կար նաեւ Իսրայելը, որի գլխավոր նպատակը քիմիական զենքի դուրսբերումն էր Սիրիայից: Միաժամանակ, Իսրայելի իշխանությունները գիտակցում են, թե իրենց երկրի վրա ինչպիսի բացասական ազդեցություն կթողնի, եթե Սիրիայում իշխանության գան ծայրահեղականները: Ուստի, այստեղ իսրայելական դիվանագիտությունը սկսեց մանեւրել: Իրականում, բազմաթիվ շահերի բախումն էր, որ հանգեցրեց սիրիական հակամարտության:

-Այս հարցում ակտիվ էր նաեւ Թուրքիան: Արդյո՞ք, հատկապես քիմիական զենքի դուրսբերումից հետո Թուրքիայի դիրքերը արաբական աշխարհում եւ միջազգային հարթակում չթուլացան:

Թուրքիայի մոտեցումը շատ հասկանալի է: Սիրիայի հետ հարեւան լինելով եւ սահմանի վրա ունենալով քրդական վտանգը` Թուրքիային ձեռնտու է, որ Սիրիայում իշխանության գան Թուրքիայի հետ կապված ուժերը: Իհարկե, դա շատ գրավիչ էր, սակայն մի շարք գործոններ Թուրքիան հաշվի չէր առել, ինչի հետեւանքով չկարողացավ հասնել նպատակների իրականացմանը եւ վերջին շրջանում սահմանափակեց գործողություններն ու խիստ կրճատեց ռազմական օժանդակությունը զինյալներին: Սա, իհարկե, Թուրքիայի դիվանագիտության պարտությունն էր, թե երկրի ներսում, թե միջազգային հարթակներում: Ըստ հարցումների, Թուրքիայի բնակչության մեծամասնությունը քննադատում էր իշխանություններին Սիրիայի նկատմամբ վարած քաղաքականության համար: Վստահությունը, որ Թուրքիան վայելում էր իր դաշնակիցների շրջանակում, որոշակիորեն նվազել է, քանի որ ուժերի դասավորության, քանակի վերաբերյալ Թուրքիան սխալ տեղեկատվություն էր տալիս Արեւմուտքին:

-Ի՞նչ կարելի է ակնկալել «Ժնեւ 2»-ից:

Լուրջ բան չի կարելի ակնկալել: Ծայրահեղ իսլամիստների մեծ մասն արդեն հայտարարել է, որ չեն ճանաչելու «Ժնեւ 2»-ի ցանկացած արդյունք: Սաուդյան Արաբիան ցուցադրաբար դուրս եկավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից եւ լուրջ է տրամադրված շարունակելու Սիրիայում գործողությունները: Ժողովրդավարական ուժեր Սիրիայում գոյություն չունեն, եւ նման ուժերի վրա Արեւմուտքը չի կարող հույս դնել: Հետեւաբար, կլինի հայտարարություն, որ Բաշար Ասադի իշխանությունը պետք է ջանքերը գործադր, որպեսզի քաղաքացիական պատերազմը կանխվի, եւ դրանից հետո երկրում անցկացվեն ազատ ընտրություններ: Եթե Իրանը մասնակցեց համաժողովին, ապա հնարավորություն կստեղծվի լրջորեն կրճատել ծայրահեղ իսլամիստներին զինամթերքի մատակարարումը: Բոլոր դեպքերում, կողմերի դիրքերը բավական մոտեցել են, սակայն չեն նույնացել: Դրականն այն է, որ Քերին եւ Լավրովը միասնական են գործելու: Այսինքն, հույս կա, որ «Ժնեւ-2»-ը կնախապատրաստի «Ժնեւ-3», եւ եթե դրան զուգահեռ զինամթերքի սնուցումը դադարի ու լուրջ ճնշում գործադրվի Սաուդյան Արաբիայի վրա, ապա երրորդ հանդիպումն իրական արդյունքներ ցույց կտա:

-Այս պարագայում Բաշար Ասադը ի՞նչ պետք է անի:

Պետք է շատ արդյունավետ օգտագործի հնարավորությունները, որոնք իրեն տրվել են, ավելի արդյունավետ օգտագործի երկրում առկա որոշակի հանգիստ վիճակն ու զինված ուժերն ավելի մարտունակ դարձնի, հնարավոր միջոցներն օգտագործի ծայրահեղականներից շատ բան անջատելու համար: Սա հիմնական խնդիրն է, որ նա կարող է կատարել երկրի ներսում: Միջազգային ոլորտում, այն գործունեությունը, որը ծավալում է սիրիական դիվանագիտությունը, առավելագույնն է եւ այս պայմաններում ավելին ակնկալել անհնար է:

-Որքանո՞վ եք հավանական համարում հակամարտության ավարտից հետո հետեւանքների վերացումը:

Ֆինանսական օժանդակություն անպայման կլինի, հատկապես արաբական երկրներից: Մասնավորեապես, Քուվեյթը եւ Իրանը շատ ակտիվ օգնություն ցույց կտան: ԱՄՆ-ի ուղղորդմամբ արեւմտյան որոշ երկրներ էլ ֆինանսական օգնություն կցուցաբերեն: Կարծում եմ` երրորդ հանդիպումը հենց այդ հարցին նվիրված կլինի:

-Կարո՞ղ ենք ասել, որ «արաբական գարունը» մոտենում է Լիբանանին:

Լիբանանում նման միասնական գործընթաց չկա: Լիբանանը շատ խարխուլ կառավարման համակարգ ունի ու ցանկացած գործոն միանգամից ազդեցություն է ունենում այդ կոնստրկուցիայի քանդմանը: Միջազգային հանրությունն ամենաքիչն է ցանկանում է, որ Լիբանանում ցնցումներ լինեն:

Բազմաթիվ վերլուծաբաններ, տեսակետ են հայտնում, որ Սիրիայում պայքար է ընթանում քրիստոնյաների դեմ, եւ հատկապես հայության նկատամամբ բռնություններն ուղղորդված են Թուրքիայից:

Այն, ինչ տեղի է ունենում հայ համայնքի հետ, մեզ համար ցավալի է եւ, բնականաբար, հաճախ միտված ենք գերագնահատելու իրադարձությունները: Հայկական տաճարներին եւ գերեզմանոցներին զուգահեռ, տեսանք, թե հնագույն քրիստոնեական քաղաքներում ինչպիսի վայրագություններ կատարվեցին: Անխոս, ծայրահեղ իսլամիստները քրիստոնյաների դեմ գործողություններ են ձեռնարկում: Երկրում քաղաքացիական դաժան պատերազմ է, եւ ամեն ինչ էլ սպասելի է: Սակայն հայտարարությունները, որ թուրքական մասնակցությունը մեծ է հայերին կոտորելու հարցում, ռեալ չէ: Գիտեք, Թուրքիայի իշխանությունը նման հիմար բան չի անի: Այն որ 70 միլիոնանոց երկրում 10 հազար խելագար կգտնվեն եւ դրանցից Սիրիայում հայերի դեմ բռնություն կկիրառեն, չի բացառվում, սակայն ասել, որ սա պետական ծրագիր է, իհարկե չափազանցություն է:

Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում