Սփյուռք

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը առաջարկությունների փաթեթ է ներկայացրել «Ժնև 2»-ի համար

3 րոպեի ընթերցում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը առաջարկությունների փաթեթ է ներկայացրել «Ժնև 2»-ի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը Ժնևի եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարի մասնակիցներին ներկայացրել է 9 կետից բաղկացած իր առաջարկությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մեծի Տանն Կիլիկիո պաշտոնական կայքը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարի նպատակն էր «Ժնև 2»-ին ներկայացնել հոգևոր համայնքի հավաքական տեսակետը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի առաջարկի համաձայն՝

ա) Պետք է լինի զինադադարի անմիջական հայտարարություն և սիրիական հողի վրա տեղի ունեցող ամեն տեսակի բռնի արարքների և առևանգումների դադարեցում, ինչպես նաև առևանգվածների ազատ արձակում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է միջոցներ գտնի կանխելու համար զինամթերքի մուտքը Սիրիա։

բ) Սիրիացի գաղթյալների համար պետք է կազմակերպվի մարդասիրական օժանդակություն ինչպես երկրի սահմաններում, այնպես էլ սահմաններից դուրս։ Անհրաժեշտ է վերացնել ամեն տեսակի շրջափակումները։

գ) Սիրական հարցը չպետք է լուծել զենքի ուժով, այլ միայն քաղաքական երկխոսությամբ։ Երկխոսությունն ու դրան հաջորդող գործընթացը պետք է լինի համապարփակ, ծրագրված և հստակ ժամանակացույցով։ Դրան պետք է մասնակցեն կառավարությունն ու ընդդիմությունը, բոլոր համայնքների ներկայացուցիչները և, ընդհանրապես, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

դ) «Ժնև 2»-ը վճռական իրադարձություն է սիրական հարցի համար։ Այն պետք է վերածվի Սիրիայում ամբողջական և մնայուն խաղաղություն հաստատող գործընթացի, որի նպատակը պետք է լինի ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը և Սիրայի անկախության ապահովումը։

ե) Սիրիան պետք է գլխավորի խաղաղությանն առաջնորդող գործընթացը։ Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է ճշտի իր երկրի ապագան։ Այստեղ կարևոր է նաև միջազգային հանրության աջակցությունը։

զ) Պետք է ամեն գնով ապահովել Սիրիայի ամբողջականությունը։ Ներհամայնքային և ներկրոնական հակասություններն ու բախումները, որոնք տիրող են դարձել Միջին Արևելքում, կարող են առաջացնել ներքին բաժանումներ, որն էլ իր հերթին կհանգեցնի նաև հողային բաժանումների. դա վտանգավոր երևույթ է։

է) Կրոնական, ցեղային և համայնքային բազմազանությունը Սիրիայի հատկանշական երևույթներից է միշտ եղել։ Դա պետք է պահել և պետք է ապահովել բոլոր սիրիացիների, համայնքների և անհատների քաղաքացիական հավասար պարտավորություններն ու իրավունքները։

ը) Մարդու իրավունքներն ու ժողովրդական սկզբունքները անհրաժեշտ է պաշտպանել՝ այս ուղղությամբ պահանջելով փոփոխություններ Սահմանադրության մեջ, ինչպես նաև պետական կառույցներում։

թ) Որպես քրիստոնյաներ` մենք մեր հավաքական ձայնն ենք բարձրացնում և վստահ ենք, որ մեզ հետ են աշխարհի բոլոր կողմերում գտնվող քրիստոնյաները։ Մենք ձեռք ենք մեկնում մեր իսլամիստ քույրերին և եղբայրներին։

Վեհափառի առաջարկը միաձայն ընդունվել է համաժողովի մասնակիցների կողմից և ուղեգիծ կլինի «Ժնև 2»-ի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում