ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հունվարի 14-ին ազատ է արձակվել 84-ամյա Գալուստ Համբարձումյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի աղբյուրը՝ ավելացնելով, որ վերջինս առևանգվել էր 2013թ.-ի դեկտեմբերի 23-ին: Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ մի քանի հայեր դեռ շարունակում են առևանգված մնալ զինված խմբավորումների ձեռքում:
Արդեն պաշտոնապես հաստատվել է տեղեկությունն այն մասին, որ զինված ՏԱՀԵՇ խմբավորման անդամները սպանել են հայր և որդի Հովհաննես և Մինաս Լևոնյաններին: Պարզվել է, որ նրանք ստացել են գլխի և կրծքի մահացու վնասվածքներ: Ամենայն հավանականությամբ` նրանց սպանությունը տեղի է ունեցել հունվարի 8-ին: Սպանված Լևոնյանների հարազատները հնարավոր ամեն ինչ արել են, որպեսզի ստանան նրանց դիերը և կարողանան հուղարկավորության արարողություն կատարել, սակայն ապարդյուն:
Հալեպի Հայ Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցում հունվարի 14-ին տեղի է ունեցել նրանց հոգեհանգստյան արարողությունը:
Հայր և որդի Հովհաննես և Մինաս Լևոնյանները առևանգվել էին մոտ 4 ամիս առաջ` Հալեպից 20 կմ հեռավորության վրա գտնվող Աֆֆե շրջանում գտնվող իրենց աշխատանքի վայրից: