Թուրքագետն Էրդողանի կացությունը նախանձելի չի համարում
6 րոպեի ընթերցում
![Թուրքագետն Էրդողանի կացությունը նախանձելի չի համարում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/01/746222.jpg)
ԵՐԵՎԱՆ 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Արտակ Շաքարյանը Հայաստանի համար Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն (ԱԶԿ) այլընտրանք չի տեսնում, քանի որ քեմալականներն ու ծայրահեղականներն առավել ադրբեջանամետ եւ հակահայկական ուղղվածություն ունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետն նկատեց, որ Թուրքիայի օրակարգում մեծ հաշվով հայ-թուրքական հարաբերությունների հարցը չկա, հարեւան երկրում այլ, առավել օրակարագային խնդիրներ կան, իսկ վարչապետ Էրդողանի կացությունը ոչ նախանաձելի է:
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին 5 տարին նախապատրաստվում էր օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին եւ իրավիճակը, որ այսօր առկա է Թուրքիայում, ձեռնտու չէ ոչ Էրդողանին, ոչ էլ նրա ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը: Այս տարի Թուրքիայում համապետական 3 ընտրություններ են սպասվում եւ մարտի վերջին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կկանխորոշեն, թե հետագայում ինչպիսի զարգացումներ են ընթանալու»,- ասաց Շաքարյանը` հավելելով, որ Էրդողանի ամենամեծ խնդիրն այն է, որ նա երեք անգամից ավելի իրավունք չունի զբաղեցնելու նույն պաշտոնը: Դա նշանակում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Էրդողանն այլեւս չի կարող դառնալ վարչապետ, հետեւաբար քաղաքականության մեջ մնալու միակ այլընտրանքը նախագահ ընտրվելն է: Սակայն այդ առնչությամբ էլ առկա է Թուրքիայի Սահմանադրության 101-րդ հոդվածը, համաձայն որի նախագահը չպետք է որեւէ կուսակցության անդամ լինի: Ըստ Շաքարյանի, «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հիմնականում Էրդողանի շնորհիվ է ուժեղ, հետեւաբար կուսակցությունից հրաժարվելը նշանակում է ԱԶԿ-ի դիրքերի թուլացում: Եթե օգոստոսին Էրդողանն ընտրվի նախագահ, նրա ազդեցությունն ավելի թույլ կլինի, քան այսօր, քանի որ կունենա ընդամենը մի քանի վետոյի իրավունք: Փաստորեն, Էրդողանի պաշտոնը կլինի սիմվոլիկ եւ միաժամանակ նա կկորցնի կուսակցությունը:
«Հենց այդ պատճառով Էրդողանը փորձում է խորհրդարանին համոզել, որ Սահմանադրության 101-րդ հոդվածը փոխվի եւ նախագահը կարողանա պահպանել կուսակցական պատկանելությունը: Եթե դա չհաջողվի, Էրդողանի վերջին հույսը կուսակցության կանոնադրությունը փոխելն է, սակայն դա էլ հեշտ չէ, քանի որ կուսակցությունում ներքին պառակտումներ են սկսվել: Բացի դրանից, Էրդողանը կկորցնի վստահությունը հասարակության եւ կուսակիցների մոտ. օրենքի այդ կետը հենց նա է առաջարկել եւ հիմա, երբ իրեն այլեւս ձեռնտու չէ այդ կետը, ցանկանում է այն ձեւափոխել: Մի խոսքով, Էրդողանը հայտնվել է բարդ իրավիճակում եւ դժվար է կանխագուշակել, թե զարգացումներն ինչպես կլինեն»,- ասաց Շաքարյանը:
Էրդողանին պատերազմ հայտարարած նախկին դաշնակից գյուլենականներն էլ լավ իրավիճակում չեն գտնվում. ասպարեզում չկա կուսակցություն, ում հետ հնարավոր է լուրջ համագործակցություն սկսել:
«Ֆեթուլլահ Գյուլենը ազգայնականներին եւ քեմալականներին չի աջակցի, քրդական կուսակցության հետ համագործակցությունն էլ արդյունավետ չէ: Հետեւաբար, երկու կարեւոր ուժերի բախումը կամ կավարտվի գարնանը` ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ գյուլենական թեւը Էրդողանին ցույց կտա իր ներուժը կամ հետագայում կփորձեն ԱԶԿ-ն ազատել գյուլենականներից եւ դրանով կուսակցությունը կթուլանա»: Թուրքագետը հիշեցնում է, որ Էրդողանի եւ գյուլենականների հարաբերությունների լարվածություն վաղուց էր նկատվում: Առաջին անգամ այդ լարվածությունը նկատվեց Իսրայելի հետ վերջին կոնֆլիկտի ժամանակ, հետագայում Գյուլենը քննադատեց Էրդողանին սիրիական հարցի առնչությամբ, իսկ Գեզիի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, Աբդուլահ Գյուլը, որը Գյուլենի ուղղվածության առավել ջերմեռանդ պաշտպանողն է, չկանգնեց Էրդողանին կողքին: Լարվածության վերջին ալիքը տեղի ունեցավ անցյալ տարի, երբ թերթերում հրապարակվեցին գաղտնի որոշումներն ու գյուլենականության ոչնչացման ուղղությամբ մշակված ծրագիրը: «Էրդողանն ուներ ծրագիր` ընտրություններում հաղթանակ տանելուց հետո գյուլենականներից ձերբազատվել եւ նրանց դիրքերը թուլացնել: Դեկտեմբերին վարչապետի որոշմամբ գյուլենական դպրոցները փակվեցին: Գյուլենականներն էլ ցույց տվեցին, որ մեկ օրվա ընթացքում կարող են ոչնչացնել Էրդողանի ամբողջ թիմն ու ստվեր գցել Էրդողանի վարկանիշի վրա»,- նշում է Շաքարյանը` հավելելով, որ վերջին շրջանում վարչապետի եւ նախագահի հարաբերություններն էլ լավ չեն: Կոռուպցիոն սկանդալի ֆոնին Թուրքիայի նախագահի լռությունը փաստում է, որ Գյուլենը խաղադրույք է կատարել Գյուլի վրա եւ նրան է ընկալում որպես Էրդողանին հակակշիռ:
Դեկտեմբերի 17-ին Ստամբուլում եւ Անկարայում միաժամանակյա անցկացրած գործողությունների արդյունքում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է նախարարների որդիների, գործարարնբերի` 50-ից ավելի անձանց, որոնք կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության եւ Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության բնագավառում մոտ 200 մլրդ դոլար յուրացումների մասնակցության մեջ: Էրդողանը փոխել է կառավարության 10 նախարարներին եւ գործողությունը նախաձեռնած ու իրականացրած 350-ից ավելի բարերստիճան ոստիկանների: Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց մասնակիցները պահանջում են կառավարության ամբողջ կազմի հրաժարականը:
Հասմիկ Հարությունյան