Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական-բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի թիմի հետ /լրացված/

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական-բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի թիմի հետ /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի թիմի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, 2014 թ. հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական-բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ազգային հավաքականի հետ: Մայնցում կայանալիք հանդիպումը կլինի վերջինը Գերմանիայի հավաքականի համար Աշխարհի 2014 թ. առաջնությունից առաջ:

Գերմանիայի ազգային թիմը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում է:

Սա կլինի հավաքականների մակարդակով միջազգային առաջին հանդիպումը Մայնցում: Հանդիպման կազմակերպիչը գերմանական DFB Egidius Braun հիմնադրամն է: Խաղից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Լիգայի ասոցիացիայի տարբեր հիմնադրամներին: Այս հանդիպումը կլինի վերջինը Գերմանիայի հավաքականի համար Բրազիլիայի Աշխարհի 2014 թ. առաջնությունից առաջ: Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հելմուտ Սանդրոկն այս կապակցությամբ ասել է. «Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք ավարտել Աշխարհի առաջնության հետ կապված նախապատրաստական ծրագրերը: Լեհաստանի եւ Կամերունի հետ հանդիպումներից հետո մենք կմրցենք նաեւ Հայաստանի հավաքականի հետ: Հանդիպումը կարևոր է ոչ միայն մարզական տեսանկյունից: Խաղից ստացված հասույթը եւս մեկ անգամ կապացուցի այն, որ հիմնադրամներն ի վիճակի են շարունակել իրենց գերազանց աշխատանքը եւ տարբեր ծրագրերը նաեւ ապագայում»: Բարեգործական հանդիպումները Գերմանիայում երկար պատմություն ունեն: Գերմանիայի հավաքականն առաջին բարեգործական հանդիպումն անցկացրել է 1998 թվականին, իսկ վերջին խաղում Սինսհեյմում հաղթել է Ուրուգվային 2011 թվականին: Այս ընթացքում խաղերից ստացված հասույթը բաժանվել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի 3 հիմնադրամների, Բունդեսլիգայի հիմնադրամի, ինչպես նաև Ռոբերտ Էնկեի և Վալտեր Ֆրիցի հիմնադրամներին: Այս հանդիպումը կլինի երրորդը Գերմանիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջև: Աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած խաղերում Գերմանիայի հավաքականը հաղթել է 5:1 և 4:0 հաշիվներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում