Սպորտը և բալետը երկրորդ կյանքի հնարավորություն են տալիս. Նախարար Յուրի Վարդանյանն ամփոփում է տարին
10 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև անցնող տարին օլիմպիական տարի չէր, սակայն հայ մարզասերներն ուրախանալու մի շարք առիթներ ունեցան: Մեր մարզական վերելքների ու վայրէջքների, եկող տարվա անելիքների, նաեւ երիտասարդության ոլորտի խնդիրների մասին «Արմենպրես»-ը զրուցեց Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի հետ: Նախարարը լիահույս է և մեծ սպասելիքներ ունի գալիք` 2014 թվականից:
-Աշխարհի չեմպիոնի եւ ռեկորդակրի, օլիմպիական չեմպիոնի տիտղոսի նվաճմանը հասել եք Ձեր աշխատասիրության, համառության ու նպատակասլացության արդյունքում. արդյո՞ք այդ որակներն էին պակասում հայկական սպորտին ու Ձեր ղեկավարման ժամանակահատվածում հաջողվեց դրանք ներմուծել նախարարության աշխատանքի մեջ:
-Անկեղծորեն պիտի ասեմ, այստեղ աշխատասիրությամբ և համառությամբ նման հաջողությունների չես հասնի: Կավելացնեմ, որ բնատուր տաղանդ էլ է հարկավոր: Մինչև նախարար դառնալն էլ աշխատել եմ իմ փորձը փոխանցել այսօրվա մարզիկներին, օգտակար լինել նրանց: Իմ երկարամյա փորձը շահեկան կլինի նաև նախարարությունում: Չնայած, այս պաշտոնը, նաև քաղաքականության մի մասնիկն է, և, անշուշտ, սպորտն էլ իր քաղաքականությունն ունի: Ինքնագովություն չհամարեք, ես այդ ճանապարհն անցած մարդ եմ, ուստի շեշտը դնելու եմ սպորտի վրա: Աշխատում եմ, որ այս գործում ևս ոչ մի խնդիր ու թերացում չլինի: Ունեմ կառուցողական, նաև` մենեջերական մեծ փորձ, բացի դրանից, ծանրամարտում ունեցած հաջողությունների ժամանակ էլ ես միշտ ինձ վրա աշխատել եմ: Եվ որպես ավագ ընկեր նոր սերնդի մարզիկներին միշտ հորդորում եմ , որ չդադարեն իրենց վրա աշխատելուց: Ասեմ, որ սպորտը և բալետը այն բացառիկ բնագավառներից են, որ երկրորդ կյանքի հնարավորություն են տալիս: Մարզական կամ բեմական կարիերան ավարտելուց հետո կարելի է «մեկ այլ կյանք ունենալ»: Ցավոք, շատ մարզիկներ «երկրորդ կյանքում» իրենց տեղը չեն գտնում:
-Կարճ ժամանակ է, ինչ Դուք նախարարի պաշտոնում եք` քիչ ավելի կես տարուց, ինչպե՞ս եք գնահատում անցնող տարին: Նկատելի՞ են ձեռքբերումներն ու բացթողումները:
-Այո, ութ ամիս է, որ այս պաշտոնում եմ: Կարող եմ ձեռքբերումների մասին հիմա արդեն բարձրաձայնել, քանի որ պատրաստվում ենք տարեվերջյան մեր ամփոփիչ միջոցառմանը: Իհարկե, 8 ամսում աշխարհի չեմպիոն չես դառնում, դրա համար երկարատև ու համառ աշխատանք է հարկավոր: Բայց չեմ էլ ուզում թաքցնել, որ մեր սպորտային աշխարհի ոգին բարձրացել է: Իսկ տարվա ձեռքբերումները ուրախացնող բարձր են: Անցնող տարում Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, Ունիվերսիադայում և Ֆրանկոֆոնիայի խաղերում մենք ընդհանուր առմամբ, նվաճել ենք 143 մեդալ` 31 ոսկի, 45 արծաթ և 67 բրոնզ: Ավելացնեմ, որ այս տարի աշխարհի երկու չեմպիոն ենք ունեցել: Բացթողումներ էլ կան, թվարկած ձեռքբերումներով էլ միևնույնն է, «գերազանց» չեմ նշանակի, կարծում եմ «լավ» գնահատականով բավարարվել չի կարելի:
-Ինչպիսի՞ ծրագրեր կան գալիք տարում: Ո՞ր մարզաձևերն եք համարում Հայկական սպորտի զարգացման գերակա ուղղությունները:
-Այս ձեռքբերումները, որոնք այժմ ունենք պիտի զարգացնենք ու բազմապատկենք: Հեծանիվ հորինելու կարիք չկա, նոր մարզաձևեր չկան, որոնց վրա աշխատելու կարիք կլինի: Մեր հիմնական շեշտը դնելու ենք օլիմպիական մարզաձևերի վրա: Աշխատելու ենք մեր ունեցած հնարավորությունները ավելացնելու ուղությամբ: Ուզում եմ, որ միմյանցից զատենք նաև պրոֆեսիոնալ և սիրողական սպորտը: Որպես նախարար, և պրոֆեսիոնալ, և թե սիրողական զանգվածային սպորտը երկու ձեռքերիս` աջ և ձախ կողմերում պահած առաջ եմ տալու: Քանի որ հենց մասսայական սպորտում են ծնվում պրոֆեսիոնալ մարզիկները: Եթե մեր հնարավորությունները ներեն, ապա մասսայական սպորտին ավելի մեծ ուշադրություն կհատկացնեինք: Մեծ ֆինանսական հնարավորություններ են հարկավոր, որպեսզի ֆիզիկական կրթությունը սկսենք մանկապարտեզներից, դպրոցներից: Եվ դրա համար հարկավոր են թե գույք, և թե մասնագետներ: Այս խնդրի լուծման համար մենք արդեն կրթության և գիտության նախարարության հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել:Ամեն ինչ առջևում է:
Այս առումով, մեզ հատկացված 100 միլիոն դրամը շատ քիչ է մարզադպրոցները կահավորելու համար: Խնդիրը առկա է, աշխատանքները տարվում են, բայց ինչպես նայում եմ` ծայրը չի երևում:
-Հայտնի է որ հայ ծանրորդներից շատերը «դոպինգ տեստ»-ի դրական պատասխան ստացան, և որակազրկվեցին: Ի՞նչ միջոցառումներ են տարվում առհասարակ սպորտում, եւ, մասնավորապես, ծանրամարտում խթանիչների կիրառությունը բացառելու ուղղությամբ:
-Այս խնդրի մասին պիտի չակերտավոր խոսեմ: Հիմնականում բոլոր ուժային մարզաձևերում են օգտագործում խթանիչներ, և հատկապես` ծանրամարտում: Ծանրամարտիկների մոտ կա նման մի միտք, որ առանց խթանիչների արդյունքի չեն հասնի: Եվ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի սահմանների մեջ չէ: Կա այսպիսի միմտայնություն` ինչու պիտի չինացին օգտագործի, ռուս չօգտագործի, ռուսը օգտագործի, հայը` ոչ: Այս ամիսների ընթացքում իմ բոլոր հանդիպումների ժամանակ հիմնականում քննարկվելէ խթանիչների հարցը: Գրեթե բոլորը համակարծիք են լինում: Այժմ հարցը պետք է բարձրացնենք նաև Միջազգային Օլիմպիական կոմիտեում: Որպեսզի այլևս նման գլխացավանքներ չունենանք: Իսկ Հայաստանում, բացարձակապես արգելված է մեր ծանրորդներին, և ոչ միայն նրանց, խթանիչներին մոտ գնալ: Դե, իհարկե, մեզ համար ավելի նախընտրելի է, որ մեր մարզիկն առանց խթանիչների աշխարհում լինի 10-րդը, քան օգտագործի խթանիչներ և հետո խայտառակի մեզ: Կարծում եմ, որ մենք հաջողության կհասնենք այս հարցում: Նույնիսկ մի շարք այլ նախարարների հետ որոշել ենք, որ եթե կարիք լինի, հարցը բարձրաձայնենք երկրի նախագահների մակարդակով:
-Ակնհայտ են այլ երկրների սպորտի նախարարությունների հետ համագործակցության ամրապնդման Ձեր քայլերը: Ինչպիսի՞ ձեռքբերումներ եղան անցնող տարվա ընթացքում այդ հարթության վրա եւ ի՞նչ ակնկալիքներ կան հաջորդ տարվա համար` համատեղ ուսումնամարզական հավաքների, միջոցառումների , փորձի փոխանակման, համագործակցության նոր պայմանագրերի ստորագրման եւ փոխայցերի տեսանկյունից:
-Մեր համագործակցության շրջանակները լայն են, բայց առայժմ հիմնականում համագործակցում ենք ԱՊՀ և հարևան երկրների հետ: Եվ, իհարկե, հիմնականում Ռուսաստանի Դաշնության մարզական կառույցների հետ: Առաջին հանդիպումս եղել է ՌԴ սպորտի նախարար Մուտկոյի հետ: Քննարկեցինք բազմաթիվ հարցեր,նաև` մեր երկրներում տարբեր մարզաձևերից ուսումնամարզական հավաքներ անցկացնելը: Ցավոք, մեր հնարավորություններն այդքան էլ մեծ չեն, որ մեր մարզիկներին հաճախակի ուղարկենք այնտեղ մարզվելու համար: Իհարկե, մեզ համար օգտակար կլինի Հայաստանի Մաքսային միությանը անդամակցումը, քանի որ մեծ հնարավորութ յուններ կընձեռվեն մարզիկների համար:
-Բավարա՞ր են արդյոք նախարարության ջանքերը երիտասարդության ոլորտում պետական քաղաքականության շրջանակներում ծրագրերի իրականացման համար: Ինչպիսի՞ն է լինելու հաջորդ տարին այս ուղղությամբ:
-Երիտսարդության ոլորտը մի առաձին և մեծ ճյուղ է, ինչպես սպորտը: Երիտասարդության հարցերով հիմնականում զբաղվում է Արսեն Քարամյանը: Ցավոք, պիտի շեշտեմ, որ երիտասարդության ոլորտում էլ մեծ աշխատանք կա կատարելու: Մենք մեր լծակների միջոցով փորձում ենք հաջողության հասնել: Համատեղ աշխատում ենք մի շարք հասարակական-երիտասարդական կազմակերպություների հետ, որոնց թվում կան նաև քաղաքական կազմակերպություններ: Իհարկե, բոլորին հայտնի է, երիտասարդների համար նախատեսված բնակարանների կառուցման ծրագրի մասին, որ Հանրապետության նախագահի ծրագիրն է: Հրաշալի շենքեր են կառուցվում երիտասարդության համար:
-Տոներն են մոտենում. ինչպե՞ս եք պատրաստվում նշել Նոր տարի և ում հետ: Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել հայկական սպորտը, հայ ընտանիքն ու Հայրենիքը գալիք տարի:
-Միշտ նախընտրել եմ Նոր Տարին տանը նշել, չեմ էլ հիշում, թե երբ եմ արտերկրում նշել: Այս տարին բացառություն չի լինի և ընտանիքով ենք նշելու: Եթե տարին օլիմպիական լիներ, այլ խոսքեր կասեի: Բայց քանի որ միայն աշխարհի առաջնություններով է ամփոփվելու, ինչպիսին այս տարին էր, կուզեի, որ աշխարհի մեր երկու չեմպիոների շարքն ավելանար, որ այն կրկնապատկվեր, դառնար երեք, չորս, հինգ և ինչու ոչ` վեց: Նվաճած 143 մեդալներից 31 ոսկին դառնար 50, 60 կամ 70 ոսկե մեդալ:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի