Սփյուռք

Հալեպի հայաշատ թաղամասերում ընկած հրասանդները միայն նյութական վնաս են պատճառել

2 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ թաղամասերում ընկած հրասանդները միայն նյութական վնաս են պատճառել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում դեկտեմբերի 21-ին հայաշատ Ազիզիե թաղամասի վրա հրասանդներ ընկնելու հետևանքով բռնկված հրդեհից մարդասիրական օգնության փաթեթներ չեն վնասվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Լուրեր էին տարածվել, որ հայկական ՀՄԸՄ ակումբի մոտ ընկած հրասանդի հետևանքով բռնկված հրդեհից հարյուրավոր կարիքավոր սիրիացիների համար նախատեսված օժանդակության փաթեթներ են այրվել: Աղբյուրը տեղեկացրեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ այնտեղ սննդամթերք և կարիքավոր սիրիացիների համար նախատեսվածայլ իրեր չեն եղել:

Հալեպում դեկտեմբերի 21-ի կեսօրին հրասանդ էր ընկել Ազիզիե թաղամասի ՀՄԸՄ ակումբի տանիքի վրա, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել: Բարեբախտաբար, հրշեջներն անմիջապես ժամանել են դեպքի վայր և մարել կրակը: Ակումբի երիտասարդները օգտակար աշխատանք են կատարում՝ գազի դատարկ բալոնները հավաքելով և այն լիքը բալոններով փոխարինելով:

Բացի այդ, 6 հրասանդներ են ընկել հայաշատ Նոր Գյուղ թաղամասում գտնվող հայապատկան շինությունների վրա: Հրասանդների թիրախ են դարձել «Կիլիկիա» շենքը, ազգային «Սահակյան» վարժարանի մոտ գտնվող թաղամասը, «Սիս» շենքը և այլն: Բարեբախտաբար, հրասանդների ընկնելու հետևանքով մարդկային զոհեր չեն գրանցվել, միայն նյութական վնաս են կրել մոտակա բնակարանները և մեքենաները:

Ավելի վաղ` դեկտեմբերի 17-ին, Հալեպում զինված ընդդիմադիրների ռմբակոծության հետևանքով զոհվել էր 62-ամյա Նազարեթ Տրեժյանը: Դեպքը տեղի էր ունեցել Տրեժյանի աշխատանքի վայրից տուն վերադառնալու ճանապարհին:

Երկուսուկես տարուց ավելի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, իսկ զոհված հայերի թիվը՝ 65-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում