Կարծիքներ

Քաղաքագետը բավական ամուր է համարում հայկական կողմի դիրքերը ԼՂ խնդրի բանակցություններում

3 րոպեի ընթերցում

Քաղաքագետը բավական ամուր է համարում հայկական կողմի դիրքերը ԼՂ խնդրի բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հայկական կողմի դիրքերը բավական ամուր են, և դրանք այդպես ամուր էլ կմնան 2014-ին և դրանից հետո: Նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ հայկական դիվանագիտության կոշտ հայտարարությունների և 2014-ի ՀՀ արտաքին քաղաքականության մասին:

Նա հիշեցրեց, որ երկու տարվա դադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի ունեցավ հայկական կողմի կոշտ հայտարարությունների ֆոնին:

Հայաստանի մյուս հարեւան երկրում` Թուրքիայում վերջին օրերին ծավալվող իրադարձությունների առումով քաղաքագետը նշեց, որ դրանք խիստ հետաքրքրական են: «Թուրքիայում այս օրերին տեղի են ունենում չափազանց հետաքրքիր, ես կասեի ուրախ իրադարձություններ: Ես երեկ youtube-ով դիտել եմ, թե ինչպես է Ֆաթուլլահ Գյուլենը անիծում Էրդողանին: Ֆաթուլլահ Գյուլենը հենց այնպես ոչ ոքի չի անիծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Իսկանդարյանը: Քաղաքագետը նշեց Գյուլ-Էրդողան հակասությունների մասին եւ ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Թուրքիայում ծավալվող իրադարձություններին լիարժեք գնահատական տալու համար անհրաժեշտ է սպասել դեպքերի զարգացմանը:

Դեկտեմբերի 17-ին թուրքական անվտանգության մարմինները ապօրինությունների, կոռուպցիայի եւ դրամաշորթության մեղադրանքներով «Մեծ կաշառք» գործողության շրջանակում ներքին գործերի, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարների որդիների, հայտնի գործարարների եւ պետական «Հալք» բանկի տնօրենի հետ միասին ձերբակալել են 50-ից ավելի անձանց: Այդ ձերբակալությունները կառավարության դեմ բողոքի մեծ ալիք են բարձրացրել Թուրքիայում: Ստամբուլ, Կայսերի (Կեսարիա), Կարս, Իզմիր քաղաքներում և մի շարք նահանգներում բողոքի բազմահազարանոց միտինգներ են սկսվել: Ակցիայի մասնակիցները երկրում բացահայտված կոռուպցիոն դեպքերի հետ կապված պահանջում են կառավարության եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը:

Էրդողանը իրավապահ մարմինների` առանց երկրի ղեկավարությանը տեղյակ պահելու հակակառուպցիոն հետաքննությունն անվանել է կառավարությանը վարկաբեկելու նպատակով իր կողմնակիցների դեմ ուղղված «կեղտոտ գործողություն»: Շաբաթ օրը Էրդողանը «միջազգային խմբերին» եւ «մութ ուժերին» մեղադրել է հակակառավարական արշավ անցկացնելու սադրանքների մեջ և հայտարարել, որ հետապնդելու է նրանց, ովքեր կանգնած են դրանց հետևում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում