Դավութօղլուին Թուրքիայում մեղադրում են հայամետ քարոզչության մեջ. վերլուծություն
6 րոպեի ընթերցում
![Դավութօղլուին Թուրքիայում մեղադրում են հայամետ քարոզչության մեջ. վերլուծություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/12/744116.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի երևանյան այցից մի քանի օր անց էլ այն շարունակում է քննարկվել ու մեկնաբանվել, այս անգամ՝ թուրքական ներքաղաքական և փորձագիտական շրջանակներում: Եթե հայաստանյան հասարակության մեծամասնությունն առանձնապես հույսեր չէր փայփայում նրա այցի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման առնչությամբ, ապա թուրքական շրջանակներն այցից առաջ առավելապես հիշում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողված փորձը և ենթադրություններ անում, այցից հետո էլ նշում են, թե բացի կարճատև քարոզչական արդյունքից՝ Դավութօղլուի այցը Երևան ոչ մի լավ բանի չհանգեցրեց, ընդհակառակը, «1915-ի հայերի տեղահանման մասին» նրա հայտնի արտահայտությունը խստորեն քննադատվեց Թուրքիայի քաղաքական ուժերի կողմից: 2009-ին Հայաստան ժամանած Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Ալի Բաբաջանն, օրինակ, զերծ մնաց անգամ Հայոց ցեղասպանության թուրքական ընկալմանը որևէ կերպ անդրադառնալուց և շրջանցեց հնարավոր լուրջ սկանդալը: Սա այն դեպքում, երբ Բաբաջանի դիրքորոշումը նախագահ Աբդուլահ Գյուլի պես առավել մեղմ է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում:
Դիվանագիտորեն և անգամ տրամաբանորեն չփաստարկված էր նաև Դավութօղլուի այն հայտարարությունը, թե իրենք տեսականորեն կարող են բացել Հայաստանի հետ սահմանն անգամ այսօր, սակայն վաղն այն դարձյալ կփակեն, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սանձազերծվի: Նման հիպոթետիկ միտք կարելի է հայտնել նաև Իրանի առնչությամբ՝ պնդելով, թե Արևմուտքի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակման պատճառով Թուրքիան փակում է նրա հետ սահմանը:
Հիմնական ընդդիմախոսությանը, սակայն, Դավութօղլուն հանդիպեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 2014-ի պետական բյուջեի քննարկումների ժամանակ: «Հանրապետական» և «Ազգայնական շարժում» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները կոշտ քննադատության ենթարկեցին Դավութօղլուի «հայամետ» գործելակերպն ու մեղադրեցին նրան Թուրքիայի ազգային շահերին դավաճանելու մեջ: Մասնավորապես, «Ազգայնական շարժման» ներկայացուցիչ Տուղրուլ Թյուրքեշը հայտարարեց, թե Դավութօղլուն չկարողացավ երևանյան հյուրանոց մտնել հիմնական մուտքից բողոքի ակցիաների պատճառով: Նախարարի պատասխանը պակաս հետաքրքրական չէր՝ «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշը, ով պատգամավորի հայրն է, արցախյան պատերազմի ընթացքում Փարիզում հանդիպել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: «Եթե ձեր հոր քայլը հանցանք է, իսկ ես այդպես չեմ կարծում, ապա Հայաստան մեր այցը սխալ չէր: Հայերի հետ հանդիպումն «արդար հիշողության» շրջանակում անհրաժեշտ քայլ է»:
«Հանրապետական» խմբակցության ներկայացուցիչ Օսման Քորութուրքն էլ նախարարից պահանջեց Հայաստանի հետ բանակցություններն անցկացնել բաց և թափանցիկ՝ հրապարակային հաշվետվություններ ներկայացնելով դրանց արդյունքների մասին: «Դուք Թուրքիայի վատագույն ԱԳ նախարարն եք»,- հայտարարեց Քորութուրքը՝ նշելով, թե իր համար ընդունելի չէ ոչ թե Հայաստանի հետ բանակցելը, այլ «Ադրբեջանի շահերին դավաճանելը և առանց արցախյան հիմնահարցը կարգավորելու՝ հայ-թուրքական սահմանը բացելը»:
Թուրքիայի քարոզչական և պատմագիտական շրջանակներն իրենց հերթին նեղսրտած են Դավութօղլուի երևանյան այն հայտարարությամբ, թե «1915 թվականի հայերի տեղահանությունն անմարդկային քայլ էր, եւ Թուրքիան երբեք չի ողջունել այն»: Փաստացի, նախարարն իր այս մոտեցմամբ անուղղակիորեն ընդունում է նաև Հայոց ցեղասպանության իրողությունը, քանի որ տեղահանությունը՝ որպես ցեղասպանական հանցագործություն, ըստ ՄԱԿ-ի 1948 թ.-ի համապատասխան համաձայնագրի, տեղավորվում է ցեղասպանական ակտ համարվող հինգ գործողություններից առնվազն երկուսի շրջանակում՝ 1. Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, 2. Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը: Թուրքական քարոզչական մեքենան Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ակտիվացնում է ջանքերն իրադարձություններն ամեն կերպ, միայն ոչ ցեղասպանություն ներկայացնելու համար: Այս ձևակերպումը պարարտ հող կարող է դառնալ հենց թուրքական հասարակության ներսում իրերն իրենց անուններով կոչելու և տեղահանումը ցեղասպանություն վերաորակելու համար:
Միջազգային փորձագիտական շրջանակները ևս ձախողված են համարում Դավութօղլուի երևանյան այցն ու դրա հետևանքները: Այսպես, բրիտանացի լրագրող, «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դը Վաալը գտնում է, թե Թուրքիայի ԱԳ նախարարն իր այցով անհարմար դրության մեջ ընկավ տարածաշրջանային բոլոր կողմերի համար, և որևէ համաձայնություն այդպես էլ ձեռք չբերվեց: Այնուամենայնիվ, ըստ Վաալի, երկու երկրների կառավարություններն անգամ դիվանագիտական հարաբերությունների փաստացի բացակայության պայմաններում կարող են քննարկել երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր՝ սկսած Թուրքիայում հայկական մշակութային հուշարձանների կարգավիճակից, վերջացրած հյուպատոսական ծառայություններով:
Դավիթ Սարգսյան