Սփյուռք

Արգենտինայի հայ երիտասարդները դուրս են եկել բողոքի ադրբեջանական ստերի դեմ

2 րոպեի ընթերցում

Արգենտինայի հայ երիտասարդները դուրս են եկել բողոքի ադրբեջանական ստերի դեմ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի հայ երիտասարդները Բուենոս-Այրեսում բողոքի ցույց են իրականացրել ընդդեմ ադրբեջանական այն ֆիլմի, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին ստեր է պատմում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Prensaarmenia կայքը, ֆիլմը ցուցադրվել էր Equilibrium Global մեդիա ընկերության և Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատան աջակցությամբ:

Հիշեցնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռասիստական և քսենոֆոբիական այն արտահայտությունները, որոնցում ասվում էր` «Մեր հիմնական թշնամիները աշխարհի հայերն են և նրանց վերահսկողության տակ գտնվող կեղծ ու կոռումպացված քաղաքական գործիչները», Հարավային Ամերիկայի հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամները նշել են, որ նման պարագայում Արգենտինայի նախկին նախագահ Ռաուլ Ալֆոնսին (ով հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությամբ) կամ նախկին մեկ այլ նախագահ Նեստոր Կիչները Արգենտինայի ազգային Սենատի (ընդունել է օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին) հետ մեկտեղ, ըստ Ադրբեջանի, «կոռումպացված են», «կեղծավոր» և գտնվում են «հայկական վերահսկողության տակ»: Ցուցարարները քննադատել են նաև Ադրբեջանի վարած այն քաղաքականությունը, համաձայն որի` այն անձինք, ովքեր այցելում են ԼՂՀ, հայտնվում են «սև ցուցակում»: Նրանք մեղադրել են Պաուլո Բոտային` «ակադեմիական ժխտողին, ով կրկնում է թուրքական ստերը», և լրագրող Դիեգո Վելասկեսին, ով իր Equilibrium Global ընկերության միջոցով աջակցել էր ֆիլմի ցուցադրմանը:

«Ցանկացած ոք, ով մեղսակից է հանցագործություններին և ադրբեջանական ստերին, կդատապարտվի և կմերժվի ոչ միայն հայկական համայնքի, այլև` ողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանների կողմից»,- ասել են ցույցի կազմակերպիչները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում