Սփյուռք

Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ կմատուցվի ճեմարանի զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ կմատուցվի ճեմարանի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Սուրբ Թարգմանչաց ճեմարանի տնօրինությունը կոչ է արել դամասկոսահայերին նոյեմբերի 17-ին Ս. Սարգիս եկեղեցում մասնակցել ճեմարանինոյեմբերի 11-ին նահատակների համար կազմակերպված հոգեհանգստյան արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ճեմարանի պաշտոնական կայքից: Ճեմարանը իր բոլոր աշակերտներին, ծնողներին և ուսուցչական կազմին խնդրել է ներկա գտնվել Սուրբ պատարագին:

Դամասկոսի Բաբ Շարկի թաղամասում նոյեմբերի 11-ին Ս. Թարգմանցած ճեմարանի մերձակայքում ռումբի պայթյունի հետևանքով ծանր վիրավորված հայ աշակերտի առողջական վիճակն այժմ կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ նոյեմբերի 14-ին հայկական ճեմարանի ողբերգական դեպքից հետո Սիրիայի Կրթության նախարար Հազուան ալ Ուազը այցելել է ազգային ճեմարան՝ իր ցավակցությունները հայտնելով ճեմարանի տնօրինությանը և զոհված հայ աշակերտ Հովհաննես Աթոքանյանի ընտանիքին:

Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 15-ին Դամասկոսի հայկական ակումբի մոտ ռումբեր են ընկել, բարեբախտաբար, ակումբը վնասներ չի կրել: Էլմաջյանի խոսքով ՀՄՄ ակումբի մոտ գտնվող եկեղեցին նյութական վնասներ է կրել:

Դամասկոսում նոյեմբերի 11-ի ժամը 13:30-ի սահմաններում չորս հրթիռներ էին ընկել Բաբ Թումա թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցուն կից Սուրբ Թարգմանչաց ճեմարանի մերձակայքում: Դեպքը տեղի էր ունեցել աշակերտների դպրոցից դուրս գալու ժամանակ: Հրթիռներից երկուսն ընկել էին ճեմարանին պատկանող երկու ավտոբուսների վրա, մյուսը՝ դպրոցի դարպասի մոտ: Ավտբուսներից մեկի մոտ ընկած հրթիռի բեկորներից զոհվել էր 5 մարդ, այդ թվում՝ 4 աշակերտներ, որոնցից մեկը հայ Հովհաննես Աթոքանյանն էր, երեքը արաբ աշակերտներ էին, իսկ մյուսը զոհը ավտոբուսի վարորդն է: Շուրջ տասը վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց: Դժբախտ պատահարը ճեմարանի սաների մեջ ահ ու սարսափ էր տարածել՝ միևնույն ժամանակ ցնցելով ողջ սիրահայությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում