Մանկական բեսթսելեր 19. Վերջին շաբաթվա երեք հրատարակություններ վարկանիշային պատվավոր աղյուսակում են

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն օրեցօր ապացուցում է, որ գիրքը մոռացված չէ. նույնիսկ շատերն անընդհատ սպասում են նոր ստեղծագործությունների, որոնք, գրախանութներում հայտնվելուց անմիջապես հետո, տեղ են գտնում մանուկների փոքրիկ գրադարաններում: Նախորդ յոթ օրվա ընթացքում այդպիսի երեք գիրք հայտնվել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Շաբաթվա լավագույն տասնյակի առաջին հորիզոնականում է «ՎԷՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» մանկական փոքրիկ հանրագիտարանը: Գիրքը բազմաթիվ ընթերցողներին գրավել է իր բազմազանությամբ. այն ունի տարբեր հատորներ, որոնք երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենի, մարդու մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Ուսումնական տարվա ընթացքում փոքրիկներն առավել հետաքրքրված են տառերով ու թվերով: Սակայն վերջին մի քանի շաբաթներին հետաքրքրությունը մեծացել է նաև մրգերի ու բանջարեղենների նկատմամբ:

Երկրորդ հորիզոնականում ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներն» է:Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրվել տարբեր ժողովուրդների կողմից, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր ժամանակներում և բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Դրանց հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Ղազարոս Աղայանի «Հեքիաթներն» այս շաբաթ երրորդ հորիզոնականում են: Այս ստեղծագործությունները նույնպես թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և շատ երկրներում դարձել սիրված գործեր: Սրանց հաջորդում է շվեդ գրող, արձակագիր և սցենարիստԱստրիդԼինդգրենի «ԵրկարագուլպաՊեպին»հեքիաթը: Այն տպագրության օրվանից ստացել է տարբեր մրցանակներ: Գիրքը, որը հեղինակը նվիրել է իր փոքրիկ դստերը, պատմում է կարմրամազ չարաճճի աղջկա արկածների մասին:

Անգլիացի գրող, մաթեմատիկոս և փիլիսոփաԼուիսՔերոլի«Ալիսըհրաշքներիաշխարհում» դասական մանկական վեպը, որը պարբերաբար ընդգրկվում է «Մանկական բեսթսելերի» ցանկում, այս շաբաթ հինգերորդ հորիզոնականում է: Այն առաջին անգամ տպագրվել է 1865թ. հուլիսի 4-ին՝ Լիդել քույրերին՝ Ինային, Ալիսին և Էդիթին պատմելուց երեք տարի անց՝ Ալիսի խնդրանքով: Լուիս Քերոլը` ամաչկոտ ու կակազող մաթեմատիկոսը Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինել է պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում և ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են ճշգրիտ և հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր յուրովի են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածն ու խոսքը:Նրանք նշել են, թե գուցե հենց Քերոլը կասեր, որ «Ալիսները» ոչ այլ ինչ են, եթե ոչ երազ կամ հեքիաթ՝ աճող, մեծացող, հասունացող մանկան համար տեսանելի, հասանելի և հասկանալի:

«Մանկական բեսթսելերի» վեցերորդ հորիզոնականում Գրիմ Եղբայրների «Հեքիաթներն» է, որին հաջորդում է բոլորիս քաջ հայտնի «Երեք խոզուկները» հեքիաթը:

«Զանգակ» հրատարակչության «Դասական հերոսներ. ներկայացնում են պլաստիլինե հերոսները» գիրքը, որն առաջին անգամ է ընդգրկված վարկանիշային աղյուսակում, ութերորդ հորիզոնականում է: Գրքում ներառված է չորս ստեղծագործություն` Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», «Սուտլիկ որսկանը», Ղազարոս Աղայանի «Մրջյունն ու լուն» և «Մեղուն ու աղավնին»: Սրանց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից, երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը:

Վարկանիշային աղյուսակում կրկին առաջին անգամ է ընդգրկվել նաև Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները»: Այս գրողի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:

«Մանկական բեսթսելեր» վարկանիշային աղյուսակը եզրափակում է կրկին առաջին անգամ ցանկում ընդգրկված Սյու Մոնգրեդիենի «Փոքրիկ հրաշագործ Օլիվեր Մունը»: Սա փոքրիկ հրաշագործ Օլիվեր Մունի մասին պատմող 12 գրքերից առաջինն է, որը ներկայացվում է հայ մանուկ ընթերցողին։ Ամբողջ աշխարհում մեծ ճանաչում գտած ֆանտաստիկայի ժանրում գրված այս պատմության հերոսները վառ երևակայությամբ ստեղծված կախարդներ ու վհուկներ են, բայց Օլիվեր Մունը նույն հոգսերն ու ուրախություններն ունի, ինչ փոքրիկ ընթերցողը, և նրա նման համոզված է, որ իր հայրիկից ու մայրիկից լավն աշխարհում չկա։

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

«Իմ առաջին գիրքը»

ՎԷՄ 25

2 +2

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Արևիկ 22
3 +6

Ղազարոս Աղայան «Հեքիաթներ»

Արևիկ 18
4 *

Աստրիդ Լինդգրեն

«Երկարագուլպա Պեպին»

Զանգակ 16
5 *

Լուիս Քերոլ

«Ալիսը հրաշքների աշխարհում»

13
6 *

Գրիմ Եղբայրներ

«Հեքիաթներ»

ՄՀՄ գրատուն 11
7 -2

«Երեք խոզուկները» ՋիԷսԷմ 9
8 Նոր

«Դասական հերոսներ. Ներկայացնում են պլաստիրինե հերոսները»

Զանգակ 7
9 Նոր

Ջաննի Ռոդարի «Չիպոլինոյի արկածները»

Զանգակ 6
10 Նոր

Սյու Մոնգրեդիեն

«Փոքրիկ հրաշագործ Օլիվեր Մունը»

Այբենգիր 5

Հայերեն Русский