Հարցազրույց

Թուրքահայ լրագրող Ջևաթ Սինեթը Թուրքիա կվերադառնա միայն, երբ ճանաչվի Հայոց ցեղասպանությունը

5 րոպեի ընթերցում

Թուրքահայ լրագրող Ջևաթ Սինեթը Թուրքիա կվերադառնա միայն, երբ ճանաչվի Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակում են հալածել և սպառնալ այն անձանց, ովքեր էթնիկ պատկանելությամբ թուրք չեն: Այս պարագայում հատկապես խոցելի են հայերը, ում դեմ 1915 թվականին իրագործված Ցեղասպանությունը մեր օրերում էլ իր շարունակությունն է ստանում: Թուրքահայ լրագրող Ջևաթ Սինեթը, ում դեմ սպառնալիքներ են սկսվել այն բանից հետո, երբ լրագրողը բացահայտումներ արեց թուրքական բանակում զինծառայության ընթացքում հայազգի զինվոր Սևակ Բալըքչիի սպանության հետ կապված, քաղաքական ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Բելգիայի իշխանություններին: «Արմենպրես»-ը զրուցել է թուրքահայ լրագրողի հետ` անդրադառնալով իր դեմ եղած ճնշումներին, Թուրքիայում հայերի դեմ կիրառվող խտրականությանն ու Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

-Թուրքիայում շարունակվող քաղաքական ճնշումների պատճառով Դուք Բելգիայից քաղաքական ապասատան եք խնդրել: Ինչո՞ ւ էին ձեր հասեցին սպառնալիքներ հնչում:

-Այս պահին ես Բելգիայում եմ: Իմ դեմ այնքան շատ դատական գործ են հարուցել, որ մոռացել եմ դրանց թիվը: Թուրքիայում հալ լինելը հանցագործություն է: Կառավարությունն ու պետությունը մշտապես սպառնում են մեզ: Հատկավորապես ծայրահեղ իսլամական հատվածը:

-Խոսքի ազատության իրավունքը Թուրքիայում մշտապես սպառնալիքի տակ է: Այս իրադրությունը ե՞րբ և ինչպե՞ս կարող է փոխվել:

-Թուրքիայում խոսքի ազատություն երբևէ չի եղել: Այս պահին երկրում 67 լրագրող է ճաղերի հետևում: Կառավարությունն իր ցանկացած մարդուն բանտ է նետում և ցանկացածին հանում է այնտեղից: Երբ Հրանտ Դինքի իրական մարդասպանները ձերբակալվեն և Արամ Տիգրանի գերեզմանը Բրյուսելից տեղափոխվի Դիարբեքիր, այն ժամանակ կարող ենք խոսել երկրում խոսքի ազատության մասին:

-2011 թվականի ապրիլի 24-ին Բաթմանում զինվորական ծառայության ժամանակ հայազգի զինվոր Սևակ Բալըքչըն սպանվեց նույն զորամասում ծառայող զինվոր Քըվանչ Աղաօղլուի կողմից: Սակայն մարդասպանն անգամ մեկ օր իր պատիժը չկրեց: Մարդասպաններն ու հանցագործները Թուրքիայում մշտապես հերոսացվու՞մ են: Ե՞րբ է գալու այս ամենի վերջը:

-Սևակ Բալըքչըի խնդրում առանցքայինն այն է, որ Թուրքիայի Հանրապետությունում շարունակվում է Օսմանյան կայսրության ռասիստական և կոտորածի քաղաքականությունը: Թուրքիայում ոչ թուրքն ապրելու իրավունք չունի, այդ իրավունքը չեն ճանաչում: Թուրք ես, երջանիկ ես: Որպես հայ` Թուրքիայում երջանիկ լինել չեսկարող: Եվ այսօր անհատական թվացող հանցագործությունները շատ գիտակցված և կազմակերպված, պետության ձեռքով իրականացվող կոտորածի և ցեղասպանությանշարունակությունն են: Աշխարհում հայերի ամենամեծ գերեզմանը Դեր Զորի անապատում է: Անտեր գերեզմաններ…

Այն, որ այսօր Հրանտ Դինքի և Սևակ Բալըքչըի մարդասպաններն առանց պատիժը կրելու ազատորեն շրջում են, ապացուցում է այս ամենը: Միայն մտածեք.հանցագործություն գործողները մեկ օր անգամ չեն պատժվում, պարգևատրվում են: Ինչու՞. քանի որ հայի են սպանում: Ի՞նչ պետք է սպասել մի երկրից, որը պարգևատրում է հանցագործներին: Եթե Թուրքիայում հայ ես, քուրդ ես, այսինքն` ուրիշ ես, սպանվելու համար ոչ մի արգելք չկա, քանի որ թուրք չես:

-Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ինչպե՞ս կարող է փոխվել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:

-Այդ քաղաքականությունը չի փոխվի: Ցեղասպանությունն իրագործած հանցագործների թոռներից արդարություն սպասելը միայն երազանք է: Անգամ մեկ հայի սպանելու համար հսկայական ջանքեր են գործադրում: Նման պայմաններում ինչպե՞ս կարող են Ցեղասպանությունն ընդունել: Որտե՞ղ են Հրանտի, Սևակի մարդասպանները… Իմ դեմ էլ հարյուրավոր դատական գործեր են հարուցել: Թուրքիան եթե ստիպված չլինի, ապա իր կամքով չի փոխվի:

-Թուրքիայում հասարակական գիտակցության զարթոնքը կարո՞ղ է նպաստել, որպեսզի մեծանա ճնշումը պետության վրա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում:

-Իհարկե, ժողովուրդների կամքը շատ կարևոր է: Մասնավորապես մտավորականները և լրագրողները շատ գործ ունեն անելու հասարակությանը տեղեկացնելու տեսակետից: Պետք է խոսել հասարակության ամեն հատվածի հետ:

-Ե՞րբ եք մտադիր կրկին վերադառնալ Թուրքիա:

-Կվերադառնամ միայն այն ժամանակ, երբ ձերբակալվեն իրական հանցագործները, երբ ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Հակառակ դեպքում երբեք չեմ վերադառնա: Եթե ես սպանվեմ, մարդասպանները կրկին անպատիժ կմնան: Ինչու՞ վերադառնամ...

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում