2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների միջոցով երկտող է փոխանցել իր հարազատներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Հակոբ Ինջիղուլյանի հորեղբորորդին` Արման Ինջիղուլյանը: «Հակոբը գրել էր` «Բարև, ոնց եք, իմ մասին մի անհանգստացեք, ես լավ եմ»: Նույնը բանը, ոչ մի նորություն»,-ասաց Արման Ինջիղուլյանը: Նրա խոսքով` երկտողը գրված է Հակոբ Ինջիղուլյանի ձեռագրով:
Հոկտեմբերի 14-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ ռազմագերուն են հանձնել նրա ընտանիքի ուղերձն ու որոշ տեղեկություններ նրա հարազատների մասին:
Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Ադրբեջանի իշխանությունները երկու անգամ հարցազրույց են հրապարակել Ինջիղուլյանի հետ` խախտելովմիջազգային իրավունքը, Ժնեւյան կոնվենցիայի դրույթները: