«Նաիրի» կոնսորցիումը տեղական արտադրության նորարարական համակարգ է առաջարկում դպրոցներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Նաիրի» լաբորատորիա-կրթական համակարգերը նոր հնարավորություններ են բացել միջին դպրոցի աշակերտների համակարգչային, աշխատանքի ուսուցման համար ինֆորմատիկայի և ռոբոտաշինության բնագավառներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» կոնսորցիումի գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանը նշեց, որ համակարգը հնարավորություն կտա օգտագործել ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները ցանկացած մասնագիտություն ընտրելիս։ «Աշակերտը կկարողանա համակարգի միջոցով ընտրել իրեն հետաքրքրող բնագավառը, և օգտվելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունից՝ սովորել բնագավառին վերաբերող տեսական նյութերը և փորձարկումներ կատարել։ Ուսուցումն իրականացնելու հանար կան անհրաժեշտ բոլոր բաղադրիչները՝ գործիքներ, կարգավորումներ, ծրագրային փաթեթներ, համակարգիչներ, եռաչափ տպիչներ և այլն։ Այդ ամենի համադրությամբ և կիրառությամբ աշակերտը կկարողանա հեշտորոն սովորել նախընտրած մասնագիտությունը։ Դպրոցներում նման լաբորատոր համակարգի կիրառումը մեծ առաջընթաց կլինի կրթական ոլորտում»,- ասաց Պողոսյանը։

Ներդնելով նման «լաբեր» կրթական հաստատություններում` աշակերտները կամ ուսանողները հնարավորություն են ունենում մատչելի և արագ սովորել ծրագրավորման հիմունքները, ռոբոտների ծրագրավորումը, միկրոէլեկտրոնիկա, և ի վերջո, սովորում են ստեղծել սեփական ռոբոտներ և միկրոէլեկտրոնային սարքեր: «Նրանք կծանոթանան տեղական արտադրության սարքավորումներին և հնարավորություն կունենան կիրառել ստացած գիտելիքները։ Փորձ է արվում նաև դպրոցներում պատրաստել ՏՏ ոլորտի մասնագետներ, ովքեր ավարտելով միջնակարգ կրթությունը կկարողանան արդեն աշխատել այդ ոլորտում՝ համալրելով նորարարական ձեռնարկությունների աշխատատեղերը։ Իսկ այն աշակերտները, ովքեր չեն հետաքրքրվում ՏՏ ոլորտով, կկարողանան ուսումնասիրել հետաքրքրող այլ բնագավառներ՝ ստանալով նախնական ուսուցում»,- նշեց «Նաիրի» կոնսորցիումի գլխավոր ինժեները։ Նա հավելեց, որ նորարարական համակարգի գինը չի գերազանցի 5 հազար ԱՄՆ դոլարը, և Հայաստանի բոլոր դպրոցները հետզհետե կկարողանան ձեռք բերել այն։

«Նաիրի» լաբերը ներառում են «Արաքս» հայկական օպերացիոն համակարգը, «Այգեստան» և «Բերձոր» համակարգիչները, եռաչափ տպիչներ, ֆրեզերային կրիչներ, «Աղուէս» ծրագիրը: Վերջինս ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մշակած Scratch ծրագրի մոդիֆիկացված և հայաֆիկացված տարբերակն է։ Այն նպաստում է աշակերտների ալգորիթմական և լայնածավալ մտածելակերպի զարգացմանը, հետագայում ծրագրավորման գործընթացի հեշտ յուրացմանը։ Աշակերտները սովորում են գույնի և սահմանների ծրագրավորում, ռոբոտի շարժման հետագծի վերահսկում և փոփոխականների ու ցուցակների կիրառում։

Հայերեն English Русский