Տնտեսություն

Հայաստանում կարտադրվեն տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր

6 րոպեի ընթերցում

Հայաստանում կարտադրվեն տարբեր նշանակության  անօդաչու թռչող սարքեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Ինստիգեյթ» ընկերությունը կիրականացնի անօդաչու թռչող սարքերի` էդուկոպտերի, ֆոտոկոպտերի և ագրոկոպտերի արտադրություն Հայաստանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Ինստիգեյթ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանը, ով շեշտեց, որ այդ սարքերի մատակարարման մասին ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:

«Անօդաչու սարքերի արտադրությամբ զբաղվող դանիական ընկերություններից մեկը, որը համագործակցում է ամերիկյան ընկերության հետ, չի կարողանում ապահովել անհրաժեշտ արտադրական ծավալները և այդ պատճառով պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական «Ինստիգեյթ» ընկերության հետ` Հայաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսելու և պահանջվող պատվերները լիովին բավարարելու նպատակով: Մենք ամերիկյան ընկերության հետ պայմանավորվել ենք, որ դանիական ընկերության մոդելները, ինչպես նաև մեր սեփական մշակման մոդելները հետագայում կնախագծվեն մեր ընկերության կողմից, որից հետո ամերիկյան ընկերությունը դանիականին զուգահեռ կգնի նաև հայկական արտադրանքը: Երկու ընկերությունների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ արտադրանքի իրացումից գոյացող շահույթի բաշխման ձևերի և այլ հարցերի վերաբերյալ: Ամերիկյան ընկերության հիմնադիրներից մեկն ազգությամբ հայ է, նա հանդիսանում է «L1» կառավարման համակարգի ստեղծողը: Այդ համակարգն աշխարհում արդեն ընդունվել է որպես նորագույն ստանդարտ. այն տեսություն է, որի հիման վրա կարելի է շատ ավելի կենսունակ ու ճկուն համակարգեր ստեղծել, քան մինչ այդ ընդունվածներն էին ապահովում»,-ասաց Վահագն Պողոսյանը` հավելելով, որ նշյալ կառավարման համակարգը օգտագրծվում է արդեն կենցաղային ավտոմատացված սարքերի,` ռոբոտաշինության մեջ, ներթափանցել է նաև ռազմարդյունաբերության մեջ:

«Ուղղահայաց բարձրացող ուղղաթիռները ևս այդ կառավարման համակարգին են անցնում: Շատ կայուն սարքեր են, և կայունությունը դրանց մրցունակությունը ապահովող բաղադրիչներից մեկն է»,- նշեց Վահագն Պողոսյանը:

Նրա հավաստմամբ` իրենք ներկայում բանակցում են ավելի մեծ արդյունաբերական ռոբոտներ, անօդաչու ուղղաթիռներ և ինքնաթիռներ կառուցելու ուղղությամբ: «Ունենք գործընկեր Հնդկաստանում, միասին փորձում ենք մշակել ուղղաթիռներ, որոնք կկարողանան մինչև մեկ տոննա կշռով բեռներ բարձրացնել, որը կփոխարինի վերամբարձ կռունկին անհասանելի վայրերում: Բայց դա շատ մեծ նախագիծ է, որը դեռ հետազոտական փուլում է»,- նշեց մասնագետը:

Բացի էդուկոպտերից, որը, հիմնականում, օգրագործվում է կրթական ծրագրերում, «Ինստիգեյթ»-ն իրականացնում է ֆոտոկոպտերի և ագրոկոպտերի արտադրության նախագծերը: «Ֆոտոկոպտերը էդուկոպտերի ավելի մեծ տարբերակն է, որը մոտ մեկ մետր շառավիղ ունի և կարող է 4 կգ բեռ բարձրացնել: Այն կարողանում է թռչել մոտ 40 րոպե և նկարել բարձր որակի պատկերներ: Սարքն աշխատում է «L1» համակարգով, ինչը քաղաքացիական ուղղաթիռներին հնարավորություն է տալիս իրենց որակով մոտենալ ժամանակակից ռազմական համակարգերին: Այն կարող է դաշտեր նկարել և, դրանց գունային վերլուծություն կատարելով, տեղեկություն տալ հողի ու ցանքերի վիճակի վերաբերյալ: Գազամուղների մշտադիտարկման ժամանակ ևս կիրառվում է ֆոտոկոպտերը: Ներկայում բանակցություններ են տարվում ԱՄՆ-ի մի քանի նահագների խոշոր ֆերմերների հետ` ագրոկոպտերների մատակարարման ուղղությամբ. դա ֆոտոկոպտերի տարատեսակ է, որը կիրառվում է գյուղատնտեսության մեջ»,- տեղեկացրեց Վահագն Պողոսյանը:

Այս ամենից բացի` հայ մասնագետներն աշխատում են նաև հայկական համալսարանների համար ստեղծվող ռոբոտների ստեղծման ուղղությամբ, որպեսզի «L1» համակարգը նրանց ևս հասնալի լինի: «Մեզ մոտ կա գիտական խումբ, որտեղ կարդում են այն նույն դասախոսությունները, ինչ որ ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանում կարդում է հայազգի մասնագետը: Մեկ տարվա ընթացքում նախատեսում ենք ունենալ գիտահետազոտական խումբ, որը Իլինոյսի համալսարանին զուգահեռ կշարունակի մշակել այդ համակարգերը»,- հաղորդեց Վահագն Պողոսյանը:

Հարցին ի պատասխան, թե որքան արժի մեկ էդուկոպտերը և որքան ժամանակ է հարկավոր դրա պատրաստման համար` Վահագն Պողոսյանը նշեց, որ այս պահին Էդուկոպտերի հիմնական տարբերակը վաճառվում է 5 հազար դոլարով: «Արտադրական գործընթացում գոյություն ունի մի հատված, որը ավտոմատացված չէ. մարդը ձեռքով է պատրաստում, ինչը տևում է 20-30 րոպե, բայց արված աշխատանքի արդյունքը հնարավոր է ստուգել 8 ժամից հետո, այսինքն` կարող ենք մեկ օր կորցնել, եթե աշխատանքը վատ կատարած լինենք: Հիմա աշխատում ենք մի սարքի վրա, որը թույլ կտա ավտոմատացնել նշածս գործընթացը և այդ ութ ժամը չի կորի: Ընդհանուր առմամբ` կպահանջվի մեկ օր մեկ էդուկոպտեր պատրաստելու համար, եթե հինգ աշխատող ունենանք, շաբաթական 50 էդուկոպտեր կարող ենք արտադրել»,- ասաց «Ինստիգեյթ» ընկերության գլխավոր ինժեները:

Նրա խոսքով` Հայաստանում ընկերությունը դեռ մարքետինգային քայլեր չի իրականացնում: «Նոր ենք սկսում արտադրություն ծավալել Հայաստանում, դեռ պիտի հասնենք այն վիճակին, որ լրացնենք դանիական ընկերության պակասորդը, և երբ կունենանք արտադրական ծավալների ավելցուկ, այդ ժամանակ արդիական կդառնա Հայաստանում ևս սպառող գտնելը: Բայց դա չի նշանակում, որ այստեղ քայլեր չեն տարվում. այժմ բանակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, բանակցություններ են տարվում նաև Վրաստանում»,- հայտնեց մասնագետը` նշելով, որ ներկայում ընկերությունը գրանցվում է «Մերգելյան» ինստիտուտի տարածքում գործող ազատ տնտեսական գոտում, որը թույլ կտա արտադրություն ծավալել այդ տարածքում` առանց թղթաբանական քաշքշուքների: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում