Օբամա-Պուտին նախանշվող հանդիպումը վճռորոշ կլինի Սիրիայի համար. վերլուծություն
7 րոպեի ընթերցում
![Օբամա-Պուտին նախանշվող հանդիպումը վճռորոշ կլինի Սիրիայի համար. վերլուծություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/10/735358.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումից հետո Արևմուտքի կողմից շարունակում են Սիրիայի շուրջ հակասական հայտարարություններ և սպառնալիքներ հնչել, թե բանաձևի չկատարման դեպքում ռազմական ներխուժումն այդ երկիր անխուսափելի կլինի: Սա այն դեպքում, երբ Քիմիական զենքի արգելման կազմակերպության և ՄԱԿ-ի փորձագետներն ընդամենը երեք օր է, ինչ սկսել են աշխատանքն այդ երկրում և դեռ որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Նոյեմբերին Շվեյցարիայում նախանշված «Ժնև-2» միջազգային համաժողովից առաջ սիրիական թնջուկի հանգուցալուծման կարևոր հանգրվան կդառնա ԱՄՆ և ՌԴ նախագահներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի` հոկտեմբերի 7-ին Ինդոնեզիայի Բալի կղզում նախանշված հանդիպումը, որը կանցկացվի Տնտեսական համագործակցության Ասիական-խաղաղօվկիանոսյան ֆորումի (ԱՏԷՍ) շրջանակներում: Ըստ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի` հանդիպման նախաձեռնությունը ռուսական կողմինն է: Հետաքրքրական է, որ հոկտեմբերի 7-ը Պուտինի ծննդյան օրն է` լրանում է նրա 61-ամյակը:
Ըստ Յուրի Ուշակովի` հանդիպման գաղափարը ծագել է ԱՏԷՍ-ի ֆորումի նախապատրաստական աշխատանքների ընթացքում, և ամերիկյան կողմն անմիջապես ընդունել է առաջարկը: Քննարկման հիմնական թեման, փաստորեն, դառնալու է պայմանավորվածությունների կատարման ընթացքը և միջազգային համատեղ աշխատանքի արդյունքները: Մինչ այդ Օբաման հրաժարվել էր Պուտինի առաջարկից` հանդիպելու Մոսկվայում, սակայն նախագահներին հաջողվել էր սեպտեմբերի սկզբին երկկողմ կարճ հանդիպում ունենալ Սանկտ Պետերբուրգում` Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում: Կրեմլը հանդիպումը որակել էր որպես օգտակար և ճկուն: Կարճատև քննարկումը վերաբերել էր սիրիական հարցով միջազգային համագործակցությանը, այդ թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և «Ժնև-2» միջազգային համաժողովի շրջանակներում: Մինչ այդ նախագահները հանդիպել էին նաև Լոխ-Էռնեում` Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում: Ըստ Ուշակովի` տրամաբանական է ներկա արդյունքներով ևս մեկ հանդիպում կազմակերպելը, և ըստ ամենայնի` հանդիպման անցկացմանը որևէ բան չի խոչընդոտի:
Բալիի հանդիպումը, փաստորեն, կդառնա առաջին պաշտոնական երկկողմ բանակցությունն Օբամայի օգոստոսյան մերժումից հետո: Որպես մերժման պատճառ` միջազգային մամուլը դիտարկում էր գերտերությունների տարաձայնությունը սիրիական հարցում և ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենի աղմկոտ պատմությունը: Սանկտ Պետերբուրգում կայացած կարճատև հանդիպումը, փաստացի, ոչինչ չէր փոխել նախագահների դիրքորոշման մեջ, և նրանք չէին կարողացել հասնել փոխհամաձայնության: Չնայած ՌԴ հյուսիսային մայրաքաղաք ժամանելուն պես լրագրողների արձանագրած Պուտին-Օբամա երկարատև ձեռքսեղմմանը, ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների լարվածությունը Սիրիայի շուրջ արտացոլվել էր անգամ կազմակերպչական հարցերում: Այսպես, գագաթաժողովն սկսելուց անմիջապես առաջ որոշվել էր փոփոխել մասնակիցների տեղաբաշխումը սեղանի շուրջ. արդյունքում` Օբաման ու Պուտինն իրարից բավականաչափ հեռու էին նստել:
Դիվանագիտական լարվածությունը շարունակվել էր նաև ավելի ցածր մակարդակներում, մասնավորապես` ԱՄՆ Սենատի դեմոկրատների խմբակցության ղեկավար Հարի Ռիդը հրաժարվել էր ռուս խորհրդարանականների հետ հանդիպումից. վերջիններս պատրաստվում էին ժամանել Վաշինգտոն կոնգրեսականների հետ սիրիական հարցը քննարկելու համար: Ռիդն իր այս քայլը բացատրել էր դիրքորոշումների սկզբունքային տարբերություններով: Իր փաստարկները նա շարադրել էր ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին հղած ուղերձում:
Օբամա-Պուտին սանկտպետերբուրգյան կարճ հանդիպումն իրականում այնքան անարդյունավետ էր եղել, որ անգամ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին կասկածի տակ էր դրել «Ժնև-2» միջազգային համաժողովի անցկացումը: Հանդիպման միակ արդյունքն, ըստ ռուսական կողմի, նախագահների պատրաստակամության արձանագրումն էր` ԱԳՆ-ների միջոցով շարունակելու սիրիական թեմատիկայով խորհրդակցությունները: Մեծ քսանյակի գագաթաժողովի արդյունքներն ամփոփելիս Պուտինն արձանագրել էր, որ տարաձայնություններն ԱՄՆ-ի հետ պահպանվում են, և որ արտաքին ռազմական միջամտության դեպքում իրենք օգնելու են Սիրիային: Իր հերթին, Օբաման իր զրույցը Պուտինի հետ անվանել էր կառուցողական և անկեղծ: Նա նաև նշել էր, որ հարգում է իր գործընկերոջ տեսակետը, թե առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի անհնար է Սիրիա ներխուժել` միաժամանակ պնդելով, թե խորհրդի անգործության պարագայում չարժե այդ կառույցի թելադրանքով առաջնորդվել: Օբաման նաև արդարացել էր, թե Սիրիան գրոհել պատրաստվող երկրներից և ոչ մեկն այնտեղ ցամաքային գործողություն չի իրականացնելու:
Մեծ քսանյակի գագաթաժողովից մինչև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հայտնի բանաձևի ընդունումը տևած մոտ երեք շաբաթների ընթացքում գործողությունների ընթացքը զարգանում էր նախապատերազմական տրամաբանությամբ. ԱՄՆ-ն տարբեր օղակներում հայտարարում էր, թե Սենատը Սիրիա ներխուժելու որոշումը կայացնելու է իր համար խորհրդանշական օրը` սեպտեմբերի 11-ին, Միջերկրական ծովում տեղակայված էր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համատեղ ռազմածովային զորախումբը, Պետքարտուղարությունը տարհանում էր իր դիվանագիտական անձնակազմին Բեյրութի դեսպանությունից և Ադանայի հյուպատոսությունից, հորդորում էր ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ այդ երկրներ այցելելուց: Նախագահ Օբաման հնարավորություն ուներ անգամ առանց Կոնգրեսի համաձայնության պատերազմ սկսելու, սակայն ըստ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականի օգնական Թոնի Բլինքենի` նա չէր գնա այդ քայլին:
Ինչևէ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն արդեն իրականություն է, միջազգային փորձագիտական խումբն սկսել է Սիրիայում քիմիական զենքի արսենալների որոնման և ոչնչացման աշխատանքները, նախապատրաստվում է «Ժնև-2»-ը, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է բանաձևին իր հավատարմության մասին, և Օբամային այլ բան չի մնում, քան դիտարկել սիրիական ճգնաժամի լուծման դիվանագիտական ճանապարհը` որպես միակ ելք փակուղուց: Պուտինի հետ Բալիում նախանշվող հանդիպումը, թերևս, լավագույն հնարավորությունն է` համաձայնեցնելու սիրիական հիմնախնդրի քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզը:
Դավիթ Սարգսյան