Տիգրան Սարգսյանն այցելեց Սանկտ-Պետերբուրգի մշակութային կենտրոնների հայկական ցուցասրահներ
5 րոպեի ընթերցում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, ով աշխատանքային այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ազգագրական թանգարանում բացվեց 20-րդ դարասկզբում Արևմտյան Հայաստանի` Վանի հայ ժողովրդի կյանքն ու ապրելակերպը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցահանդեսի լուսանկարները հայտնի ռուս ազգագրագետ Միլլերի լուսանկարչական հավաքածուից են, որոնք Արևմտյան Հայաստանից դուրս են բերվել 1915 թվականի գարնանը:
Լրագրողների հետ զրույցում Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը նշեց, որ հայկական մշակութային հետքը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում ընդգրկուն է ու մեծ:
«Ազգագրական թանգարանում ունենք բազմաթիվ նմուշներ, որոնք պատմում են Հայաստանի, հայ ժողովրդի կյանքի մասին: Միլլերի հավաքածուն ընդգրկուն է. լուսանկարներում ներկայացվում են հայկական զգեստները, տարազները, արհեստավորների գործերը: Մեծապես կարևորում ենք ազգագրական թանգարանում հայկական ցուցահանդեսի բացումը, քանի որ թանգարանը հայտնի է ողջ աշխարհում, օրեկան հյուրընկալում է բազմաթիվ զբոսաշրջիկներ տարբեր երկրներից»,- ասաց նա:
Վարդան Հակոբյանի խոսքով` Միլլերի այս հավաքածուի վերաբերյալ երեք տարի առաջ հետաքրքրվել են նաև Թուրքիայից` նպատակ ունենալով այն ներկայացնել որպես թուրքական ժառանգություն: «Աշխատանք տարվեց թանգարանի տնօրինության հետ, որն արդեն իսկ իր համաձայնությունը տվել էր լուսանկարները թուրքական կողմին տրամադրելու համար: Մեր բանակցություններից հետո հաջողվեց այդ գործընթացը կանգնեցնել: Բացի այդ, պայմանավորվածություն ձեռք բերվեց տպագրել հավաքածուի ալբոմը: Արդեն եկող տարի Միլլերի հավաքածուն կստանա հայկական անձնագիր»,- ասաց գլխավոր հյուպատոսը:
Վարչապետը ծանոթացավ նաև Անդրկովկասի ժողովուրդների ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին:
«Ցուցահանդեսում ներկայացված է Արևմտայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Շուշիի տարածքում հայ ժողովրդի կենցաղը: Այսինքն`այն իրական ապացույցները, թե որտեղ են պատմականորեն եղել հայերը, ինչ ավանդական կենցաղ են ունեցել»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Մշակույթի նախարարը տեղեկացրեց, որ լուսանկարչական ցուցահանդեսը մոտ ժամանակներում կցուցադրվի նաև Հայաստանում:
Վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Իսаակիևյան տաճար և Էրմիտաժ` հայկական ցուցասրահ: Այստեղ ներկայացված էին ուրարտական թագավորության դարաշրջանից եկող տարբեր ցուցանմուշներ, Անիից բերված խաչքարեր և Կարմիր բլուրում պեղումների արդյունքում հայտնաբերված հայկական գտածոներ:
Անդրադառնալով վարչապետի մշակութային հագեցած օրակարգի շրջանակներում Սանկտ-Պետերբուրգի մշակութային օջախներ կատարած այցերին` Հասմիկ Պողոսյանն ասաց. «Ուրախ եմ, որ ամենուր հայկական մշակույթն իր տեղն ուներ: Դա ներկայանալի է, առավել տպավորիչ է հատկապես ազգագրական թանգարանի հավաքածուն, որն, ըստ էության, առաջին համաշխարհային պատերազմից հետո հավաքագրվել է գիտնականների կողմից: Կարևորում եմ նաև էրմիտաժ այցելությունը, որտեղ կա հայկական մշակույթը, անկյունը»,- ասաց նախարարը: Նրա խոսքով` յուրաքանչյուր այց Էրմիտաժ տուրք է համաշխարհային, ռուսական մշակույթին և հայկական այն հատվածին, որը համաշխարհային քաղաքակրթության մի մաս է կազմում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 1-ին կմասնակցի Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստին: Հայկական կողմի համանախագահը ՀՀ վարչապետն է, իսկ ռուսական կողմինը` ՌԴ տրամսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Վարչապետի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ կավարտվի հոկտեմբերի 1-ին: