Ռուսաստանի սահմանապահները պարզաբանել են պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ` երեկ տեղի ունեցած միջադեպի հետ կապված հայտարարությունների կապակցությամբ «Արմենպրես»-ը դիմել էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչություն: Ի պատասխան` Սահմանապահ վարչությունից հայտնել են.

«Ս.թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զ.Ա.Փոստանջյանն մի խումբ անձանց հետ գտնվել է Սյունիքի մարզի (նախկին Մեղրու շրջան) տարածքում` հարակից Հայաստանի Հանրապետության` Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետական սահմանին, որն, ըստ Ռուսատանի և Հայաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի, հսկում են Ռուսաստանի սահմանապահները:

Այդ ժամանակ Ռուսաստանի ԱԴԾ-ի Հայաստանի Հանրապետությունում Սահմանապահ վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների հետ իրականացնում էին օպերատիվ-որոնողական միջոցառումներ` քրեական հանցագործության մեջ կասկածվող անհատների ձերբակալման ուղղությամբ:

Ժամը 20:00-ի շրջանում Երևան-Մեղրի ճանապարհի վրա կանգնացվել է մի մեքենա, որում գտնվել է Զ. Ա. Փոստանջյանը:

Զ. Ա. Փոստանջյանի փաստաթղթերի ստուգման ընթացքում վերջինս ներկայացրել է պատգամավորի վկայականը և կոպիտ կերպով բացատրություններ պահանջել: Սահմանապահի կողմից կանգնեցնելու վերաբերյալ բացատրությունների տրամադրումից հետո Զ.Ա. Փոստանջյանն ու իրեն ուղեկցող անձինք իրենց դրսևորել են հանդուգն կերպով (խմբ. вызывающе), փորձել են սադրել հակաիրավական գործողություններ, հրապակայնորեն վիդեոնկարահանում էին սահմանապահ ծառայություն իրականացնողներին: Ի հակառակ պատգամավորի պնդումների` Սահմանապահ վարչության աշխատակիցները վիդեոնկարահանման սարքը չեն կոտրել:

Ավելին, դեպքի վայր է ժամանել Սահմանապահ վարչության ներկայացուցիչը, ով ճշտել է դեպքի մանրամասները և կարգավորել խնդիրը:

Այնուամենայնիվ, Զ.Ա.Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք մտադրված փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել` վիրավորելով սահմանապահներին: Իրենց գործողություններով Զ.Ա. Փոստանջյանի գլխավորած խումբը կանխամտածված խոչընդոտել է Սահմանապահ վարչության ներկայացուցիչների պարտականությունների կատարմանը` կապված սահմանի պահպանության հետ, դրանով իսկ հանցագործների փնտրտուքի և ձերբակալության համար իրական վտանգ ստեղծելով: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ցավում է տեղի ունեցածի համար: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հանրության ուշադրությունը հրավիրել սահմանապահ ռեժիմի և սահմանի ռեժիմի կանոնների պահպանման անհրաժեշտության վրա:

Սահմանի ռեժիմը բոլորի համար նույնն է` լինի դա խորհրդարանական կամ շարքային քաղաքացի: Այս համատեքստում ցանկանում ենք հիշեցնել Ազգային ժողովի, որի անդամ է Զ.Ա. Փոստանջյանը, կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության «Պետական սահմանիմասին» օրենքի 34-րդ հոդվածը. «Պետական մարմինները, պաշտոնատար անձինք, քաղաքացիները եւ կազմակերպությունները պարտավոր են իրենց իրավասության շրջանակներում աջակցել սահմանապահ զորքերին պետական սահմանի պահպանության գործում, իսկ պետական սահմանին սպառնացող վտանգի մասին տեղեկություններն անհապաղ հայտնել սահմանապահ զորքերին»:

Հայերեն